
Ամիսներով մաքառած ու ողջ մնացած 6 հայ զինվորներին ադրբեջանցիները գտել ու գնդակահարել էին. Սահակյանը 2020-ից մի քանի ահասարսուռ դեպք է ներկայացրել

2020թ. պատերազմում ևս արձանագրվել են ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ գնդակահարության դեպքեր: Ունենք շատ ավելի վատ դրսևորում, օրինակ եմ բերում հանրության մոտ շատ քննարկված Հադրութի անտառներում մնացած 6 զինծառայողների դեպքը, որոնք ամիսներ շարունակ մաքառել էին, կարողացել գոյատևել, հետո գնդակահարվեցին և ադրբեջանական կողմը նրանց դիերը հանձնեց հայկական կողմին: Այս մասին այսօր իր ասուլիսում հայտնել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
«Ունենք նաև դրական դեպք, երբ որոնողական աշխատանքների արդյունքում 6 զինծառայողներ ողջ դուրս բերվեցին: Բայց այս դեպից հետո, այն վայրերում, որտեղ կարող էին հայ զինծառայողներ թաքնված լինել, ադրբեջանական կողմը արգելեց որևէ մարդասիրական գործողության իրականացում, ինտենսիվացրեց իր որոնողական աշխատանքները, հայտնաբերեց ողջ մնացած, բնականաբար քայքայված առողջությամբ, հյուծված հայ զինծառայողներին, որոնք ի զորու չէին որևէ դիմադրություն ցուցաբերել՝ անմարդկային կերպով գնդակահարեցին և նրանց դիերը հանձնեցին հայկական կողմին»,- ասել է Սահակյանը:
Անդրադառնալով, միջազգային կառույցների մոտեցումներին, Սիրանուշ Սահակյանն ընդգծեց, որ շատ երկար ժամանակ միջազգային հանրությունը կեղծ հավասարության նշան է դնում Հայաստանի և Ադրբեջանի կողմերի միջև՝ դրանով իսկ արդարացնելով իր անգործությունը: