
Գործող իշխանությունների շուրջ համախմբումը սխալ կլինի․ Օհանյան

Ընդդիմությունը չի պատրաստվում ընդառաջ գնալ ներկայիս իշխանություններին և որևէ հարց քննարկել նրանց հետ։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հայաստանի այսօրվա իշխանությունները գործում են ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից դուրս։ Իրենց համար գերակայությունը սահմանները չեն, ոչ էլ անվտանգությունն է։ Նրանց համար առաջնային է հակառակորդների, թշնամու հետ ընդհատակյա, թաքուն բանակցություններ վարելը։ Ի՞նչ քննարկենք նրանց հետ, կանգնենք կողքին ու նայենք, թե ինչպես է նա (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը– խմբ.) հանձնո՞ւմ երկիրը։ Դառնանք երկրի հանձնման հանցակի՞ց»,– ասաց Օհանյանը։
Գործող իշխանությունների շուրջ համախմբումը, որը պնդում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, ըստ Սեյրան Օհանյանի, սխալ կլինի, առավել ևս, որ իշխանությունները մշտապես մերժում են պաշտպանության, արտաքին քաղաքականության հարցերով իր օգնությունն ու ընդդիմության պատգամավորների առաջարկները։
Նախօրեին Տեր–Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանին սպասում են ծանր լուծումներ. պայմանագրեր պետք է ստորագրվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ,և «դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու, սակայն այս պահին այլընտրանք չկա»։
Հանրապետության նախկին նախագահի կարծիքով՝ Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարները պետք է երկխոսություն սկսեն գործող վարչապետի հետ, որպեսզի ընտրեն պետության համար ամենաքիչ ցավոտ տարբերակը։