
Վրաստանը հրաժարվել է ռուսների համար վիզային ռեժիմ սահմանել

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկիրը չի պատրաստվում վիզային ռեժիմ մտցնել ռուսների համար։ Այս մասին նա խոսել է՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնությունում մասնակի մոբիլիզացիայի մասին լուրերը։ Նաև, ըստ քաղաքական գործչի, Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկների կողմից վտանգի մասին բոլոր հայտարարությունները քաղաքական դրդապատճառներ ունեն և չունեն որևէ հիմք, գրում է Life. ru-ն:
«Երկու անգամ արշավ է եղել, որ ռուս զբոսաշրջիկները, իբր, լուրջ վտանգ են ներկայացնում, և երկու անգամ էլ պարզվել է, որ այն ամբողջովին անհիմն է, կեղծ, արհեստական և քաղաքական նպատակներ է հետապնդում: Իրավիճակը լիովին վերահսկելի է»,- ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ կառավարությունը հոգում է պետական անվտանգության մասին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել մասնակի մոբիլիզացիայի մասին։ Այսպիսով, զինկոմիսարիատներում հաշվառված պահեստազորայինները, ինչպես նաև մարտական փորձ ունեցող քաղաքացիները կզորակոչվեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության գոտի։ ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ նախատեսվում է զորակոչել 300 հազար մարդու։