
Ռոլիկի համար ի՞նչ թույլտվություն. նախարարը՝ Քրիստոսի արձանը ներկայացնող տեսանյութի մասին

Հիմա հաստատված նախագիծ չկա։ Այս պահին չկա շինարարություն: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից օրերս հրապարակված Հատիս լեռան վրա կառուցվելիք Քրիստոսի արձան-համալիրի անիմացիոն տեսանյութին։
Հարցին՝ հիմնադրամն արդեն դիմե՞լ է ԿԳՄՍՆ՝ թույլտվության համար, Դումանյանը պատասխանել է, որ տեսանյութի համար թույլտվություն պետք չէ:
«Որեւէ խնդիր չենք տեսնում։ Մակետ են հրապարակել, լավ են արել, ինչո՞ւմն է խնդիրը։ Մենք չենք դրա համահեղինակը։ Համացանցում ինչ-որ ռոլիկներ դնելու համար ի՞նչ թույլտվություն, ռոլիկի թույլտվությո՞ւն եք ուզում։ Ժամանակի վատնում է։ Հիմա հաստատված նախագիծ չկա։ Այս պահին չկա շինարարություն»,-ասել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԿԳՄՍ նախարարությունը Հատիս լեռան գագաթին նոր հայտնաբերված ամրոցի վնասման վերաբերյալ դիմել է ոստիկանություն:
Հիմք է ընդունվել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագիտական եզրակացությունը՝ Հատիս լեռան գագաթին նոր հայտնաբերված ամրոցի վնասման վերաբերյալ: