
Զինվորականները պետք է ճիշտ կողմնորոշվեին ու հասկանային, որ դառնալու են քավության նոխազ. Լևոն Քոչարյան

«Փորձում են իրենց վրայից, այսպես ասած, մեղքը հանել եւ այն բարդել զինվորականների վրա։ Նրանք էլ իրենց հերթին պետք է ժամանակին ճիշտ կողմնորոշվեին եւ հասկանային, որ վերջը սա էր լինելու, դառնալու են քավության նոխազ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը: Իր խոսքով՝ «թիվ մեկ մեղավորը բոլորս գիտենք՝ ով է»:
«Մեր շարունակական պայքարն ուղղված է նրան, որ փորձում ենք մեր քաղաքացիներին բացատրել հետագա քայլերը։ Եթե համեմատում ենք մեկ տարի առաջվա ու այսօրվա իրողությունները, ապա տեսնում ենք, որ քայլ առ քայլ զիջում ենք։ Իհարկե պետք է ամեն ինչ անենք, որ մեղավորները պատժվեն»,- նշել է նա։
Լրագրողի այն հարցին, թե որքան կարելի է ուղղակի դուրս գալ փողոց եւ ասել՝ պայքարում ենք ու վերջ, Լևոն Քոչարյանը պատասխանել է.
«Այս ամենի նպատակը, կլինեն հավաքաները, թե քայլերթերը, թե տարբեր սոցիալական հարթակներ, այն է,որ մարդկանց բացատրենք, ասենք, կրկնենք առանց հոգնելու։ Եթե մեր հասարակության մի մասը համաձայն է այդ ամեն ինչի հետ, իհարկե ցավալի է։ Չեմ ուզում մտածել, որ դա այդպես է, բայց պայքարի այլ գործիք ես չգիտեմ, պետք է այս ձեւով պայքարենք, չհուսահատվենք»: