
Արզումանյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին MediaHub.am-ին փոխանցեց Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Այս պահին իրավական գործընթացներ են ընթանում։ Լրացուցիչ տեղեկություններ ավելի ուշ կհայտնեմ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, թե Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանը կալանավորվել է։
«Ինչպես և ակնկալվում էր՝ դատարանը կատարեց իր առաքելությունը և կալանավորեց Միքայել Արզումանյանին։ Շոուն շարունակվում է…»,–գրել էր նա։
Հիշեցնենք օգոստոսի 30–ին հայտնի դարձավ, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։ Ըստ ՔԿ-ի քննչական ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Օգոստոսի 31–ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացավ և նա ազատ արձակվեց, միաժամանակ հայտնի դարձավ, որ Արզումանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին, պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին։