Գյումրիում պարեկները ծեծել են քաղաքացուն, որից հետո վերջինիս ինքնագիտակցությունը կտրուկ վատացել է. մանրամասներ՝ միջադեպից
Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Գյումրիում քաղաքացու և պարեկների միջև միջադեպ է եղել, ինչի արդյունքում պարեկները ծեծել են քաղաքացուն, հատուկ միջոց կիրառել նրա նկատմամբ՝ դեղ լցնելով աչքերի մեջ։
Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ միջադեպ իսկապես եղել է, ինչից հետո շտապօգնության կանչ է գրանցվել։
«Քաղաքացին 45-ամյա տղամարդ էր, ով գտնվում էր նյարդային, հուզական վիճակում, ունեցել է ուժեղ գլխացավ և ճնշման տատանում։ Նրան բժշկական օգնություն տրամադրվել է տեղում, քաղաքացու նկատմամբ բռնության, աչքերի մեջ դեղի հետքեր չեն եղել, համենայնդեպս հիվանդը ևս այդ մասին չի հայտարարել։ Քաղաքացուն առաջարկել են տեղափոխել հիվանդանոց, սակայն նա ստորագրությամբ հրաժարվել է»,- ասել է Արթուր Մանուկյանը։
Ինչպես ավելի վաղ գրել էր AuroraNews.am-ը, պարեկները կանգնցրել են մի քաղաքացու, պահանջելով փաստաթղթեր, քաղաքացին խնդրել է մի փոքր ժամանակ, որպեսզի զանգի և տանեցիները փաստաթղթերը հասցնեն:
Ըստ իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի՝ « ... պարեկները չեն համաձայնվել տրամադրել ժամանակ, հատուկ միջոց են կիրառել, դեղ լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել...
Քաղաքացու ինքնագիտակցությունը կտրուկ վատացել է, տարածքի բնակիչներին նույնիսկ արգելել են ջուր տալ, նշելով, որ իրենց կիրառած դեղի արդյունքում կարող է կուրանալ...
Այս պահին եկել է շտապ օգնության բրիգադը, տարածքում բնակիչները կատաղած վիճում են պարեկների հետ, բնականաբար թուրքեր անվանելով»:
Ոստիկանությունից AuroraNews.am-ի հետ զրույցում նշել էին, որ հրապարակումն ուսումնասիրության փուլում է։