
Կենսաթոշակային ֆոնդերի բացասական ցուցանիշներն անհանգստացնում են քաղաքացիներին

Արդեն երկու օր է մի շարք քաղաքացիներ ահազանգում են այն մասին, որ կուտակային ֆոնդերում նկատում են բացասական ցուցանիշ։ Քաղաքացիները պարզել են, որ կենսաթոշակային ֆոնդերի կիսամյակային արդյունքները բացասական ցուցանիշներով են։
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Համաշխարհային տնտեսությունը ռեցեսիայի սպասում (անկման, աճի բացակայության)։ Դեռ չի սկսվել, բայց մեծ հավանականությամբ աշնանից կսկսի։ Դեռ չսկսած, էս պահին արդեն սնանկացող ներդրումային ֆոնդեր կան։ Հայաստանում մարդիկ բացահայտել են, որ իրենց կենսաթոշակային ներդրումները պակասել են։ Դեռ է՜ն երբ էինք ասում, որ էդ փողերի երեսը մենք չենք տեսնելու։ Ի՞նչ ա նշանակում էդ ամբողջ կենսաթոշակային համակարգը։
Հայաստանի բոլոր աշխատող մարդիկ իրենց եկամտի +/- 5 տոկոսը հավաքում են մի տեղ, հետո տալիս մի մասնավոր ֆոնդի, որն էդ ամբողջ գումարի 60 տոկոսը Հայաստանում ա տոկոսով տալիս (պետությանը, բանկերին ավանդի տեսքով), մնացած 40-ով տարբեր տեղեր ներդրումներ ա անում, իսկ ավելացած փողից իր ծառայության համար եկամուտ ա վերցնում։ Նման ֆոնդերը երկար դիստանցիայում սնանկանալու մի վատ սովորություն ունեն։ Ինչքան էլ էս խրախճանքի կազմակերպիչները պնդեն, որ վերջում սաղ լավ ա լինելու, ես մնում եմ իմ կարծիքին, որ քիչ ա՝ մեր քրտինքով աշխատած փողերի մի զգալի մասը հիմա չենք ծախսում, մեր տնտեսությունը չենք խթանում, քիչ ա, որ մենք մեր փողերը տալիս, հետո տոկոսով ենք հետ վերցնում, քիչ ա, որ էդ փողերի 40 տոկոսը դուրս ա գալիս՝ այլ տնտեսություններ հարստացնելու համար, մի բան էլ՝ վերջում ձեռնունայն ենք մնալու»։
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանն էլ սոցցանցի իր էջում գրում է․
«Ֆոնդս կենսաթոշակս մսխումա, այս եռամսյակում կորուստը կազմել է 130%։ Չէ ճիշտ եմ գրել ամբողջ իմ և պետության վճարումները, գումարած ևս դրա 30 տոկոսը։
Պետություն, իշխանություն,
Իսկ եթե բորսաների կանխատեսվող անկումը կայանա, կամ լավ, այսպես ևս մի քանի տարի շարունակվի, թոշակառուներին ինչո՞վ եք պահելու։ Ճիշտ է, չեք պահելու, բա ձեր տանձինա ընդհանրապես, ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ, մի բան անեիր երիտասարդ, տնտեսական գուրուի ուղեղդ աշխատացրա։ Ապագա թոշակառուներդ պոտենցիալ աղքատ, սոված, հիվանդ, անվճարունակ խումբա դառնալու։
Մի ամբողջ ազգի կուտակումները արդեն տևական ժամանակ է մսխվում են, ոչ մեկ տեղից չի շարժվում»,-գրել է Գրիգորյանը։
Խնդրին անդրադարձել է նաև Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրելով, որ շատերի մոտ է տեսել կենսաթոշակային հաշիվներում մեծ վնասների մասին գրառումներ։
«Իսկ մտածե՞լ եք, որը կարող է լինել պատճառը:
Ձեր փողերի կառավարիչները իրավունք ունեն այդ գումարների մինչև 40%-ը ներդնել արտարժույթով՝ արտասահմանում: Իսկ քանի որ մեր պետությունը չեղածի հաշիվ է, այսինքն չի մտածում այս ահռելի չափի երկար փողերը ճիշտ ուղղորդել, օրինակ դեպի ենթակառուցվածքներ և դրա համար թողարկել երկարաժամկետ նպատակային պարտատոմսեր, ֆոնդերի կառավարիչները փոխակերպում են դրանք արտարժույթի և ներդնում երկրից դուրս: Այսինքն, մեր փողը առնվազն կեսի չափով չի ծառայում մեր հանրությանը:
Իսկ մնացյալ կեսն էլ (օրենքն ասում է առնվազն 60% դրամով պետք է ներդնել) կամ տեղի բանկերում կոպեկներով ավանդ են դնում (բանկ են հարստացնում) կամ էլ ասենք հանքերի թողարկած պարտատոմս գնում կամ էլ պետական գանձապետական պարտատոմս, որ ձեր փողերով բյուջետային ընթացիկ աննպատակ ծախսեր անեն:
Վերադառնամ կորստի պատճառին:
Քանի որ ձեր փողերի մի ահագին մաս (մինչև 40%) վեր է ածվել արտարժույթի, իսկ հիմա դրամը արժեվորվել է, իսկ ձեզ ամեն դեպքում վերջում դրամ են տալու, ստացվում է, որ ձեր արտարժույթով ներդրումները միայն դրամի արժեվորման պատճառով (շնորհակալություն հայտնեք ԿԲ-ին) նվազել են առնվազն 20 տոկոսով (այսինքն այսքան վնաս եք կրել): Սրան գումարեք եվրոպական ֆինանսական շուկաների խնդիրները (այնտեղ շատ ներդրումներ կարող են լինել՝ ըստ օրենքի) և ձեռք քաշեք ձեր կուտակումների մի մեծ պատառից:
Ինչպես ընթացիկ գրեցի, այս փողերը պետք է ծառայացվեն պետությանը, այլ ոչ թե անտերուդուս շպրտվեն կողքի և ով ինչ ուզի կամ կարողանա կամ բաշարի անի:
Դրամի կտրուկ արժեվորմամբ ուրախացողներ, բա ինչ գիտեիք, դոլարիզացիայի մեծ կշիռ ունեցող երկրում շատերը այսպիսի վնասներ են կրելու, երբ ընդամենը 3-4 ամսվա մեջ դրամ են արժեվորում շուրջ 20 տոկոսով:
Նաև շարունակեք չզբաղվել քաղաքականությամբ, մեկ է ինքը ձեզանով ամեն դեպքում զբաղվում է: Վերջում էլ հավելեմ, որ այո՛, կուտակային կենսաթոշակային համակարգի այս տեսքով ստեղծումը և այս որակով կառավարումը քաղաքական որոշում էր/է»,-նշել է նա: