Ռուսական գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ սահմանափակումները հանելուն կողմ է. Լավրով
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եգիպտացի իր գործընկեր Սամեհ Շուքրիի հետ հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ռուսաստանում գյուղատնտեսական մթերք արտադրողները մտադիր են իրականացնել իրենց բոլոր պարտավորությունները՝ Եգիպտոս մատակարարումներն իրականացնելու համար, գրում է Коммерсант-ը։
Լավրովի խոսքով, դրան պետք է նպաստի Ստամբուլում կնքված «ապրանքային գործարքը», որի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը աջակցություն է հայտնել ռուսական գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ սահմանափակումները հանելուն։ Նախարարն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հույսը դնում է իր օգնության վրա, եւ նշել, որ Ռուսաստանը չի խնդրում պատժամիջոցների վերացում, եւ տնտեսությունը կզարգացնի «վստահելի» գործընկերների հետ համագործակցության միջոցով։
«Մենք վերահաստատել ենք հացահատիկային ապրանքներ արտահանող ռուսաստանցիների հանձնառությունը՝ իրենց բոլոր պարտավորությունների կատարմանը։ Այս գիծը հաստատել է նաեւ նախագահ Պուտինը, երբ վերջերս զրուցել է Եգիպտոսի նախագահի հետ։ Մենք քննարկել ենք այս ոլորտում համագործակցության հստակ չափորոշիչները, պայմանավորվել ենք հետագա շփումներն իրականացնել համապատասխան նախարարությունների միջեւ եւ ունենք հացահատիկի ճգնաժամի պատճառների ընդհանուր պատկերացում»,- ասել է Լավրովը:
Լավրովը նաեւ մեղադրել է արեւմտյան գործընկերներին՝ խորամանկության համար, քանի որ նրանք հայտարարել են, որ սննդի նկատմամբ պատժամիջոցներ չեն սահմանվել։ Ռուս նախարարն ասել է, որ բուն սննդամթերքի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել, սահմանափակող միջոցները ազդել են սննդի հետ աշխատող ընկերությունների վրա եւ նշել, որ ՌԴ-ում պարենային ապրանքների համար բոլոր վճարումներն իրականացնող Գյուղատնտեսական բանկն առաջիններից էր, որ պատժամիջոցների է ենթարկվել:
Խոսելով Ստամբուլում ստորագրված համաձայնագրի մասին՝ նախարարը նշել է, որ դա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փաթեթային նախաձեռնության արդյունքն է։ Նախաձեռնության առաջին մասը վերաբերում է ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակմանը, որոնք ականապատել են հենց ուկրաինական իշխանությունները, իսկ երկրորդ մասը՝ ռուսական հացահատիկի մատակարարման ապաշրջափակումը։
«Ավելի քան երկու ամիս է, ինչ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում բոլորին օգտագործել հումանիտար միջանցքները, որոնք մենք ստեղծել ենք Սեւ ծովում ուկրաինական հացահատիկի համար»,- ասել է Լավրովը։
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր աշխատանքային խումբ ստեղծելու մտադրության մասին, որը կհամակարգի մասնավոր հատվածի եւ պետությունների հետ Ռուսաստանի Դաշնությունից գյուղատնտեսական ապրանքների արտահանման հարցերում՝ ֆինանսների, ապահովագրության եւ լոգիստիկայի հարցերը: Այս մասին հայտարարել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխներկայացուցիչ Ֆարհան Հակը։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ստամբուլում հացահատիկի մատակարարումների ապաշրջափակման վերաբերյալ համաձայնագիր էր ստորագրվել: