ՀԷՑ-ը տուգանվել է 20 մլն դրամով

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տուգանվել է 20 մլն դրամի չափով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հանրային ծառայությունների մամուլի ծառայությունը։ Որոշումը կայացվել է այսօր տեղի ունեցած նիստում։

Ընկերությունը տուգանվել է սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետների խախտման համար, քանի որ այդ ամենն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման։

 

ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն եղել վերջինիս պատասխանատվության չենթարկելու համար:

ՏՄՊՊՀ-ն էլ հայտնում է, որ մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի բնակիչները դիմել են ՏՄՊՊՀ-ին՝ տեղեկացնելով, որ վերոնշյալ հասցեում գտնվող նորակառույց շենքի շինարարական աշխատանքները ամբողջությամբ ավարտվել են դեռևս 4 տարի առաջ, և շենքը հանձնվել է շահագործման, սակայն էլեկտրաէներգիա չունենալու պատճառով չեն կարողանում բնակություն հաստատել իրենց սեփական բնակարաններում:

Նրանք դիմել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն, սակայն ընկերության կողմից խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել:

 

Բնակիչները չունեն այլընտրանքային տարբերակ, քանի որ էներգամատակարարման ոլորտում միակ ընկերությունը «ՀԷՑ»-ն է: Հետևապես, Հանձնաժողովի դիտարկմամբ, վերջինը իրավասու չէ կամայական սկզբունքներով որոշելու բնակիչներին էլեկտրաէներգիա տրամադրելու կամ չտրամադրելու հարցը: Հանձնաժողովի պահանջով «ՀԷՑ»-ը ներկայացրել է պարզաբանումներ խնդրի վերաբերյալ՝ նշելով, որ իրենք պայմանագիր կարող են կնքել ոչ թե բնակիչների, այլ շենքի կառուցապատողի՝ «Միլլար» ՍՊԸ-ի հետ: Ըստ «ՀԷՑ»-ի՝ վերջինիս հետ արդեն իսկ կնքվել է պայմանագիր, սակայն ՍՊԸ-ի կողմից որոշակի պարտավորությունների չկատարման պատճառով գործն ավարտին չի հասել: Մասնավորապես «ՀԷՑ»-ի գրավոր պարզաբանման մեջ նշված է, որ կառուցապատողը իրենց հանդեպ ունի չկատարված ֆինանսական պարտավորություններ:

 

Ստացված գրավոր տեղեկատվության, ինչպես նաև կողմերի հետ կազմակերպված քննարկումների և լսումների արդյունքում Հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ «ՀԷՑ»-ի գործողությունները չեն բխում օրենքից: Եթե անգամ շենքը կառուցապատող ընկերությունը թերացել է որոշակի պարտականությունների կատարման մեջ, դա ոչ մի առնչություն չունի բնակարանների սեփականատերերի հետ. նման բան իրավական որևէ ակտով ամրագրված չէ: 2010-ին «Միլլար» ՍՊԸ-ի և «ՀԷՑ»-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ շենքի էլեկտրամատակարարումը պետք է ավարտվեր դեռևս 2011թ-ին, ինչը փաստացի չի կատարվել:

 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ՝ «ՀԷՑ»-ը պարտավոր է 7 օրյա ժամկետում բնակիչների հետ կնքել էներգամատակարարման պայմանագրեր: Որոշման արդյունքում կկարգավորվի ոչ միայն այս խնդիրը, այլև կլուծվի ողջ շենքի ջրամատակարարման, ինչպես նաև վերելակների խնդիրը:

 

Ի դեպ, առաջին անգամ չէ, որ ՀԷՑ»-ը հայտնվում է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում: Նախորդ իրավախախտումների ժամանակ ընկերության հանդեպ դարձյալ հարուցվել են վարչական վարույթներ, սակայն տրվել է խիստ նախազգուշացում՝ միաժամանակ տեղեկացնելով, որ իրավախախտման կրկնակիության դեպքում Հանձնաժողովը, օրենքի համաձայն, կցուցաբերի առավել խիստ մոտեցում:

 

Քաղաքականություն