Եղել են Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ, ովքեր ՀՀ-ում ձեռք են բերել բնակելի տարածքներ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե ինչ իրավիճակ է այս պահին անշարժ գույքի շուկայում։
Ամենուր խոսում են մեծածավալ շինարարությունից, անշարժ գույքի մեծ պահանջարկից ու դրանով պայմանավորված՝ գների բարձրացումից։ Թովմասյանն ասաց, որ անշարժ գույքի շուկան այսօր գտնվում է պատմական ամենաբարձր ակտիվության փուլում։
«Հաշվի առնելով այն գործարքների քանակը եւ դիմումների քանակը, որը ստանում է Կադաստրի կոմիտեն այսօր, 2021-2022 թթ․ եղել են մաքսիմումի վրա ամբողջ անշարժ գույքի գրանցման գործընթացում։ Մենք 2021 թ․ սպասարկել ենք շուրջ 730 հազար դիմում, եւ գնումների այս ծավալը սպասարկվել է` Կադաստրի կոմիտեի աշխատակիցների քանակը չավելացնելով, միայն թվային օրակարգն ակտիվացնելով։ Եվ էդ 730 հազար դիմումները, հաշվի առնելով, որ 2018-19 թթ․ ունեցել ենք շուրջ 530 հազար դիմում, 200 հազարով ավելը ցույց է տալիս, թե ինչքանով է ակտիվացել անշարժ գույքի շուկան»։
- Ինչո՞վ է պայմանավորված այդ ակտիվությունը։
- Տնտեսական ակտիվությամբ, որովհետեւ անշարժ գույքի շուկան ինքն իրենով չի կարող ակտիվանալ կամ անկում գրանցել, երբ որ չկա տնտեսական ակտիվություն։ Երբ տնտեսությունն սկսում է ակտիվանալ, համապատասխանաբար, ներդրումներն են սկսում ակտիվանալ, իսկ եթե կա ներդրում, չի կարող անշարժ գույքի ոլորտում էլ չլինել ներդրում։
- Իսկ այդ դիմումների մեջ շա՞տ են ապօրինի կամ ինքնակամ շինությունների օրինականացման դիմումները։
- Ինքնակամ շինությունների օրինականացման դիմումները Կադաստրի կոմիտեն չի ստանում, դրանք ստանում են համայնքները։ Բայց եթե հարցը վերաբերում է ինքնակամ շինությունների ծավալի ավելացմանը, ես կարող եմ ասել, որ սա էլ տնտեսական ակտիվություն է, որովհետեւ նախկինում մարդիկ ունեցել են ինքնակամ շինություններ ու գումար չեն ունեցել էդ ինքնակամներն օրինականացնելու։ Բայց մինչ այս Կադաստրի կոմիտեի հարթակում հաշվառված ինքնակամների քանակը չի գերազանցում 10 հազարը, եթե չեմ սխալվում, այսինքն՝ դա էն 200 հազարի մեջ լուրջ տոկոս չի կազմում։
- Իսկ միայն Երեւանո՞ւմ են գներն աճել, թե՞ նաեւ մարզերում։
- Բոլոր մարզերում որոշակի իմաստով դիտարկվում է գնաճ, բայց, եթե չեմ սխալվում, մաքսիմում գնաճը Երեւանից հետո Կոտայքում է։ Այնտեղ Երեւանից հետո ամենաակտիվ շուկան է, այսպես ասած։
- Կոտայքի մարզում որտե՞ղ` տուրիստական զոնաներո՞ւմ։
- Ոչ միայն տուրիստական՝ ընդհանուր։ Կոտայքի մարզում առկա են լուրջ գյուղատնտեսական գոտիներ եւս, որտեղ միայն տուրիզմը չէ, այլ գյուղատնտեսություն եւ արտադրություն եւս կան։
- Մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանից եւ Թուրքիայից են գալիս քաղաքացիներ եւ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերում։ Կասե՞ք՝ վերջին երկուերեք տարվա ընթացքում եղե՞լ են Ադրբեջանի կամ Թուրքիայի քաղաքացիներ, որոնք փորձել են ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերել եւ ձեռք են բերել։
- Տեսեք, ՀՀ օրենսդրությունը՝ սկսած երեւի իր ստեղծման օրվանից, արգելում է միայն գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերումն օտարերկրյա քաղաքացիների կողմից։ Ինչի՞ համար, որովհետեւ գյուղատնտեսական հողերը մեծ մակերեսներ են եւ, ընդհանրապես, գյուղատնտեսական հողերը մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեն։ Դրա համար մենք դա, որպես այդպիսին, արգելված ենք համարում, եւ նպատակ էլ չկա այստեղ որեւէ փոփոխություն անել։ Ինչ վերաբերում է բնակարանների, բնակելի տարածքների, արտադրական զոնաների եւ այլնի մասին, էստեղ օրենսդրությունը որեւէ արգելք չի սահմանում։ Եվ սկսած 2005 թվականից՝ եղել են Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիներ, ովքեր ՀՀ-ում ձեռք են բերել բնակելի տարածքներ կամ արտադրական, հասարակական սպասարկման տարածքներ։ Թուրքիայի քաղաքացիների պարագայում 70 է քանակը՝ 2005-ից մինչ օրս, մաքսիմում գործարքների քանակը, եթե չեմ սխալվում, եղել է 2017 թ․, այն էլ չեն գերազանցել տասը՝ բնակարանների ձեռքբերման տեսանկյունից։ Բայց, միեւնույն ժամանակ, էդ որ ասում ենք՝ Թուրքիայի քաղաքացի, բոլորի կամ մեծամասնության ազգանունները վերջանում են «յան»-ով։ Այսինքն՝ հայեր են իրենք։
- Իսկ Ադրբեջանի քաղաքացիների մասո՞վ ինչ կասեք։
- Ադրբեջանի քաղաքացիների մեջ եւս կային այդպիսիները, որոնք հայեր են, բայց իրենք ունեցել են էդ անձնագիրը եւ էստեղ էլ եկել, համապատասխան ընթացակարգով ստացել են որոշակի փաստաթղթեր։
- Այսինքն՝ Ադրբեջանո՞ւմ բնակվող հայեր են։
- Ես չեմ կարող ասել՝ բնակվող են, թե բնակվող չեն, մենք չենք կարող դա տեսնել։ Էստեղ խնդիրն այն է, որ սա իրականում էն պրոբլեմը չէ, որ մենք դրա մասին խոսենք։ Էսօր, օրինակ, որոշակի երկրներում, երբ որ այլ պետության քաղաքացի գնում՝ անշարժ գույք է ձեռք բերում, ի՞նչ է տեղի ունենում՝ էդ ներդրման հիման վրա իրեն տալիս են համապատասխան կացության իրավունք։ Բացի դա, սա արտաքին աշխարհից որոշակի ֆինանսական միջոցների ներգրավում է նաեւ պետության տնտեսության մեջ։
- Իսկ ռազմավարական առումով խնդիր չե՞ք տեսնում՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա ոչ բարեկամական հարաբերությունները, չնայած ձեր կառավարությունը գնում է բարեկամության։
- Չէ, տեսեք՝ խնդիրն ինչին է վերաբերում։ Ընդհանրապես, աշխարհում անշարժ գույքի ձեռքբերման տեսանկյունից, եթե մենք ասում ենք, որ գյուղատնտեսական նշանակության հողերը սահմանափակված են, եւ հնարավորություն չկա ձեռք բերել, բնակարանի գնումը որեւէ մեկը կարո՞ղ է ասել՝ ինչով է խնդիր առաջացնում Հայաստանի Հանրապետությունում։
- Կապիտալ են ունենում մեր երկրում, անշարժ գույք, կարող են մեր բնակֆոնդը զբաղեցնել, հատկապես որ ունեն մեծ ռեսուրսներ, քանակով շատ են, կարող են տնտեսական էքսպանսիայի ենթարկել Հայաստանը, ինչպես Աջարիայում է։
- Տնտեսական էքսպանսիան կապ չունի իրենց կողմից էստեղ անշարժ գույք ունենալու կամ չունենալու հետ։ Տնտեսական էքսպանսիան արդեն Կադաստրի կոմիտեի ոլորտը չէ, սա արդեն էկոնոմիկայի ոլորտ է, եւ էդտեղ պետությունը եթե կսկսի խնդիր տեսնել, համապատասխան գործիքներ կսկսի կիրառել։
- Իսկ պատերազմից հետո Ադրբեջանից կամ Թուրքիայից ՀՀում անշարժ գույք ձեռք բերե՞լ են։
- Միանշանակ՝ ոչ, ես նշեցի՝ 2017 թվականին է ամենաշատը ձեռք բերվել, այն էլ՝ տասը բնակարան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։