Ինչու է պետական դավաճանության գործով կալանավորված սպան ազատ արձակվել. նա մանրամասներ է պատմել

Պետական դավաճանության գործով օրեր առաջ կալանքից ազատված ՀՀ Զինված ուժերի գումարտակի հրամանատարի տեղակալ Տարոն Կարապետյանը և վերջինիս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը 168.am-ին պատմել են առաջադրված մեղադրանքի և կալանավորման մասին:
 

«Տանն էինք: Մարտի 3-ին՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում, դուռը թակեցին ու ներս մտան: 6 հոգի էին՝ 4 դիմակավորված անձինք, քննիչը և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մեկ գնդապետ: Մինչև ԱԱԾ տանելը ես տեղեկացված չեմ եղել՝ ինչ է կատարվում: Սկսեցին հարցաքննությունը: Հաջորդ օրը կալանավորվեցի: Ինձ առաջադրված մեղադրանքն ամենախայտառակ նկարագրությունն էր իմ երկար տարիների նվիրմանը մեր հայրենիքին»,- ասաց Տարոն Կարապետյանը:
 

Նրա խոսքով՝ ինքը 15 տարի անբասիր ծառայել է ՀՀ-ին, պաշտպանել մեր երկրի սահմաններն ու ժողովրդի անվտանգությունը:
 

«Մասնակցել եմ Ապրիլյան քառօրյա պատերազմին, 44-օրյա պատերազմին, 2021թ. նոյեմբերին Սիսիանում ծավալված մարտական գործողություններին: Ու մեկ էլ ինձ ասում են, որ ես մեղադրվում եմ պետական դավաճանության մեջ»,- ասաց ԶՈՒ սպան:

 

Տարոն Կարապետյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն էլ նշեց՝ իր աշխատանքային փորձի մեջ սա երևի թե ամենազավեշտալի քրեական գործերից է, որովհետև Տարոն Կարապետյանի քրեական գործում առկա միակ հիմնավոր կասկածն առ այն, որ նա կատարել է պետական դավաճանություն, այն էր, որ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունից իր անձնական հաշվին փոխանցված է եղել 300 եվրո գումար, որն ըստ նախաքննական մարմնի վարկածի՝ պետական դավաճանության գումարն է եղել:
 

«Իսկ իրականում Տարոն Կարապետյանի անձնական հաշիվը կցված է եղել օնլայն կազինոներից մեկին, որից օգտվել է նրա ազգականներից մեկը: Գումար են շահել, ու ընդամենն այդ գումարն է ստացվել»,- ասաց պաշտպանը՝ հավելելով՝ իրենք արդարացման գործընթացի մեջ են, ու իր պաշտպանյալն անպայման ձեռք է բերելու արդարացված կարգավիճակ:
 

Ալեքսանդր Կոչուբաևը նշեց՝ հետքերը դեպի Տարոն Կարապետյանին են բերել, քանի որ ադրբեջանական հատուկ ծառայությանը կցված «WhatsApp» հավելվածի ոմն օգտատեր անորոշ շրջանակի ու նաև Տարոն Կարապետյանի հետ նամակագրության մեջ է մտել, եղել է բացառապես անձնական բնույթի զրույց, սակայն որոշ ժամանակ անց իր պաշտպանյալը դադարեցրել է շփումը նրա հետ:
 

Փաստաբանի խոսքով՝ արդարացումից հետո Տարոն Կարապետյանին կներկայացնեն ինչպես կոչման, այնպես էլ՝ պաշտոնի բարձրացման: Վերջինս կունենա փոխգնդապետի կոչում և կդառնա գումարտակի հրամանատար: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ