ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի մարդ է եղել 50 Cent-ի համերգին և ինչ է ասել մեգաաստղի թիմը` Հայաստանի մասին
50 Cent-ը Հայաստան էր ժամանել «ՀԱՅԱ» փառատոնի հրավերով։ Փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը բազմիցս նշել էր, որ նմանօրինակ համերգների նպատակը ոչ միայն քաղաքում տոնական տրամադրություն ստեղծելն է, այլեւ՝ աշխարհի ուշադրությունը Հայաստանի վրա սեւեռելը։ NEWS.am-ի հետ զրույցում Սոնան տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ 50 Cent-ի համերգին ներկա է եղել շուրջ 12 հազար հանդիսատես, որոնց զգալի մասը եղել են զբոսաշրջիկներ եւ հատուկ ռեփերի համերգին մասնակցելու համար դրսից ժամանած հյուրեր, որոնց շարքում էին նաեւ ռուսական եւ արտասահմանյան շոու-բիզնեսից հայտնի ներկայացուցիչներ ու բլոգերներ։ Սոնան հավելեց, որ մինչ օրս նամակներ է ստանում տարածաշրջանի մի շարք երկրներից, որոնցում հետաքրքրվում են՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ նման մասշտաբի աստղը ելույթ ունեցավ հենց Հայաստանում։ 50 Cent-ի թիմը Հայաստանը համարել է նրա շրջագայության լավագույն երկրներից մեկը:
«Դա մեր բանակցությունների, մեր հեղինակության շնորհիվ էր․ այն, ինչ ցանկացանք սրտացավորեն անել մեր երկրի համար, ստացվեց։ Սա շատ մեծ ալիք էր, չգիտեմ՝ Հայաստանը որքան գումար պետք է ծախսեր, որ այսպիսի գովազդ լիներ մեր երկրի համար։ 50 Cent-ն էլ իր էջում մի քանի նյութ էր տեղադրել Հայաստանի մասին, ինչը եւս շատ տպավորիչ էր։ Արդյունքները, կարծում եմ, ընթացքում էլ ակնհայտ կդառնան, սա շատ մեծ քայլ էր, որի արձագանքը դեռ երկար ենք ստանալու՝ մեկը մյուսին հետեւող առաջարկներով ու տուրիզմի հոսքով։ Մեզ ամեն օր տուրիստական տարբեր ընկերություններ են դիմում, համերգից ընդամենը մի քանի օր է անցել, բայց այդ պրոցեսը շատ ակտիվ առաջ է գնում»,-ոգեւորությամբ նկատեց նա՝ ուրախությամբ շեշտելով, որ իրենց սպասված արդյունքն արդարացված է․
Առաջին տարին էր փառատոնի, ու մենք ի սկզբանե համարում էինք, որ եթե 20 հազար մասնակից ունենանք, արդեն ողջունելի կլինի, իսկ Զազի ու 50 Cent-ի համերգների մասնակիցների թիվն արդեն մոտ 20 հազար է, ինչը շատ ուրախալի է։ «ՀԱՅԱ»-ի հիմնական նպատակը Հայաստանի բրենդավորումն է, մեր երկրի ճանաչելիությանն ու զբոսաշրջության զարգացմանը նպաստելը, որ հենց այս փառատոնի համար մեծաքանակ զբոսաշրջիկներ այցելեն Հայաստան։ Կարծում եմ՝ այս պահի դրությամբ դա մեզ մոտ ստացվեց, իսկ շարունակությունը չենք ուշացնի»։