
Թուրքիայի կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը խանգարում է գործընթացներին. Փաշինյան

Թուրքական կողմից հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք այնքան էլ օգտակար չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար. գործընթացներին խոչընդոտում է նաև Թուրքիայից հնչող «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, սակայն հայկական կողմը հարաբերությունների կարգավորման հնարավորություն տեսնում է և անկեղծորեն տրամադրված է այդ ուղղությամբ ամեն ինչ անելու: Այս մասին Հանրայինի եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին, թե կան արդյոք Թուրքիայի հետ հարաբերությունների վերջնական կարգավորման հնարավորություններ՝ վարչապետը պատասխանեց. «Եթե ես հիմա ասեմ, որ հնարավորություն չկա, հարց կառաջանա, թե ինչի՞ համար ենք բանակցում: Եթե բանակցում ենք, նշանակում է, որ առնվազն որոշակի ըմբռնում կա, որ դա հնարավոր է իրագործել, հնարավոր է՝ քայլ-քայլ, փոքր քայլերով գնալ առաջ: Մենք հաճախ ասում ենք, որ խոսակցությունն արդյունավետ չի, դեռ արդյունքներ չի տվել, բայց մյուս կողմից էլ տեսնում ենք, որ ուղիղ չվերթներն, օրինակ, վերականգնվել են: Բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ նախկինում ևս եղել է, որ ուղիղ չվերթ է իրականացվել Երևանից Ստամբուլ և Ստամբուլից Երևան: Եվ մենք հիմա փորձում ենք փոքր քայլերով գնալ առաջ»:
Վարչապետը ճիշտ չհամարեց նախապես հայտարարություններ անելը, եթե նույնիսկ ինչ-որ աղոտ նախանշաններ կան, որ փոքր քայլերով հնարավոր է առաջ գնալ:
«Նախկինում թուղթ է ստորագրվել, ամենաբարձր մակարդակով փոխայցեր, շփումներ են եղել, բայց արդյունքում չի լուծվել խնդիրը: Ֆունդամենտալ պատճառը, որ այն ժամանակ չի լուծվել, այն է եղել, որ չնայած ի սկզբանե ստորագրված փաստաթղթի մեջ չի եղել կապակցվածություն՝ ԼՂ հիմնախնդրի կամ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, բայց վավերացման փուլում Թուրքիան դա կապել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, ԼՂ հակամարտության գոտում ստատուս քվոյի փոփոխության հետ և այսպես շարունակ»,-ասաց Փաշինյանը: