
Պարզվել է` ովքեր են լատունե գրքի և երկաթե զանգի գողերը

Հունիսի 20-ին ահազանգ է եղել ոստիկանություն: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրենը հայտնել էր, որ շենքի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակից գողացել էին գիրքը: Գիրքը լատունից էր: Դեպքը կատարվել էր վերջին չորս օրվա ընթացքում, պարզապես այդ օրն էին նկատել գրքի բացակայությունը:
Նույն օրերին նմանատիպ մեկ այլ գողություն էլ Սայաթ-Նովայի պողոտայում էր եղել: Գողացել էին Տիկնիկային թատրոնի դիմաց տեղադրված երկաթե զանգը:
Տեղեկատվությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Պարզվել է, որ գողություններն արել է Վեդի քաղաքի Կասյան փողոցի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ: Հետագա միջոցառումների արդյունքում, հունիսի 23-ի ցերեկը, նա հայտնաբերվել է մայրաքաղաքի Ազատության հրապարակում և բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է:
Ոստիկանությունը պարզել է նաև, որ Վեդիի բնակչի հետ գողություններին մասնակցել էր հաշվառման վայր չունեցող 38-ամյա մի տղամարդ: Նույն օրը նա ևս հայտնաբերվել է Երևանի Տիտոգրադյան փողոցում, բերման ենթարկվել և տվել բացատրություն:
Հանգամանքները քննությամբ պարզվում են: