Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերին Դոնֆրիդի հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը և ընդգծել տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի անհրաժեշտությունը: Միաժամանակ, Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ առանցքային դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և կարևորել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացը ՄԽ համանախագահության շրջանակում»,– ասվում է հաղորդագրության մեջ:

Փաշինյանն ու Դոնֆրիդը խոսել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության մասին:


 

Քաղաքականություն