
Ռուս ակտիվիստն ահազանգում է` «ՌԴ-ի հրամանով» Երևանում ձերբակալել են իր ընկերներին. ի՞նչ է ասում ՔԿ-ն. Civilnet

Այսօր ռուս ակտիվիստ Տատյանա Շչուկինան, ով ՀՀ-ում է, թվիթերյան իր հաշվում գրել է, որ Երևանի ոստիկանությունը «Ռուսաստանի հրամանով» ձերբակալել է իր ընկերոջն ու ընկերուհուն․ «Նրանց պահում են բաժանմունքում և խնդրում են տրամադրել իմ կոնտակտներն ու գտնվելու վայրը։ Նրանց ձերբակալել են միանգամայն անօրինական»,- գրել է Շչուկինան։
Քրեական գործի շրջանակում Ռուսաստանի երկու քաղաքացի տեղափոխվել է Ոստիկանության Էրեբունու բաժին։ Civilnet-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել են Ոստիկանության լրատվության վարչությունից։
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը լրատվականին հայտնել է, որ ՌԴ քաղաքացիները հրավիրվել են հարցաքննության՝ մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով։ Թադևոսյանի խոսքով՝ ՌԴ քաղաքացիները դեռևս որևէ կարգավիճակ չունեն։
«Նրանք ցանկացել են փաստաբան, որը տրամադրվում է»,- ասաց ՔԿ նախագահի խոսնակը։
Վարդան Թադևոսյանը վստահեցրեց, որ կատարվածում որևէ քաղաքական դրդապատճառ չկա։
Որպես հավելում լրատվականը հայտնում է, որ Տատյանա Շչուկինան լքել է Ռուսաստանը հակապատերազմական դիրքորոշման պատճառով։ Նրա գրառումները մեծ տարածում են գտել սոցիալական ցանցերում։