Դուք պատասխանատու եք մեր զոհված զինվորների և խաղաղ բնակիչների համար․ Զելենսկին՝ Գերմանիայի կանցլերին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատասխանատվություն է կրում զոհված ուկրաինացիների համար, քանի որ նա Ուկրաինային չի տալիս իր խոստացած ծանր սպառազինությունը։ Այս մասին գերմանական Bild հրատարակությանը տված հարցազրույցում ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

«Եթե բավական քանակություն (զենք) լինի, մենք կհաղթենք պատերազմում: Երբ Արևմուտքը մեզ տվեց 120 հեռահար հրետանի, իրավիճակը ճակատում անմիջապես փոխվեց: Երեք օրվա ընթացքում ռուսները կորցրին հարձակման արագությունը», - ասել է Արեստովիչը:

Նա հիշեցրել է, որ Գերմանիան Ուկրաինային խոստացել է փոխանցել 88 «Լեոպարդ» տանկ, 50 «Գեպարդ» ինքնագնաց զենիթային կայանք։

«Դա բավական կլիներ ուկրաինական բանակում երկու բրիգադի համար: Հիմա, եթե մենք ունենայինք երկու բրիգադ ինչ-որ տեղ առաջնագծում, մենք կարող էինք հետ գրավել Խերսոնը կամ հեռացնել նրանց Պոպասնայից և Սևերոդոնեցկից: Այսօր երկու բրիգադը մեծ ուժ է»,- ասել է նա: 

Հարցին, թե ինչ կասի Շոլցին, եթե հանդիպի, Արեստովիչը պատասխանել է. «Պարո՛ն Շոլց, Դուք պատասխանատու եք մեր զոհված զինվորների և խաղաղ բնակիչների համար, ամեն օր երեխաներ են զոհվում, մենք ամեն օր 100 զինվոր ենք կորցնում, որովհետև Դուք մեզ ծանր սպառազինություն չեք տալիս։ Ուկրաինայի բանակը հզոր է, մենք կարող ենք ռուսներին հաղթել ու դուրս մղել մեր երկրից, բայց մեզ զենք է պետք»:

Քաղաքականություն