«Եռաբլուրում» կողոպտել են զոհված մայորի քրոջը
Մայիսի 31-ին, ժամը 17:25-ին, ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրից ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ անհայտ անձը պանթեոնի տարածքից գողացել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, մայոր Գեորգի Լյովայի Մինասյանի շիրիմին այցելության եկած վերջինիս քույր՝ Մ. Խաչատրյանին պատկանող դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և այլն։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն:
ՌՈ օպերատիվ ստորաբաժանումներն անմիջապես ձեռնամուխ են եղել հանցագործին հայտնաբերելուն։ Հաջորդ օրը՝ հունիսի 1-ին, ՌՈ հետախուզության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցից բերման է ենթարկվել Երևան քաղաքի բնակիչ Վ. Ա.-ն, ով տեղում փաստական տվյալների համադրմամբ տվել է խոստովանական ցուցմունք։
Դեպքի առթիվ ՊՆ ՌՈ Երևանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։