Իրանում շենք է փլուզվել. զոհվածների թիվը հասել է 24-ի
Իրանի հարավում Խուզեստանի նահանգում գտնվող Աբադան ավանի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24-ի: Կան վնասվածքներ ստացած տասնյակ մարդիկ: Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը:
Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ փլատակներում մնացածներին ողջ հայտնաբերելու հույս գրեթե չկա: Որոնողական աշխատանքը շարունակվում է:
Վթարի հետ առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է տասը մարդ:
Աբադանում կառուցվող տասը հարկանի շենքը փլուզվել է երկուշաբթի օրը՝ մայիսի 23-ին: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կարգադրել է անհապաղ պարզել վթարի հանգամանքները և խստորեն պատժել մեղավորներին:
Փլուզման պատճառը դեռևս հայտնի չէ, նախնական վարկածով չի բացառվում, որ վթարը տեղի է ունեցել շինարարների կողմից շենքի կառուցման տեխնիկական կանոնները չպահպանելու հետևանքով: