Լը Պենը հաստատել է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու, «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հաստատել է, որ իր թեկնածությունն առաջադրելու է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, գրում է Figaro-ն։
Հրատարակության տվյալներով՝ Լը Պենը հաստատել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը Պա դե Կալեի հյուսիսային դեպարտամենտից։ Լը Պենը 2017 թվականից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր է Պա դե Կալեի 11-րդ ընտրատարածքից։ Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ հունիսի 12-ին և 19-ին։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում էին Էմանուել Մակրոնը և ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը։ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ քվեաթերթիկների 100%-ը հաշվելուց հետո Մակրոնը ստացել է ձայների 58,54%-ը, Լը Պենը՝ 41,46%-ը։






























