Կասկադյորական ավտովթար Երևանում, մշակույթի տան մեթոդիստը Mercedes-ով տապալել է էլեկտրասյունը. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 38-ամյա Սամսոն Գ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Եղվարդի խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում տեղադրված էլեկտրասյանը, տապալել այն և մոտ 20 մետր օդային առաջ ընթացել և կողաշրջված վիճակում հայտնվել Մաշտոցի զինկոմիսարիատի դիմաց: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Սամսոն Գ.-ն, նրա ուղևորներ, Գերմանիայի քաղաքացի, 35-այա Ռոման Գ.-ն, Արագածոտնի մարզի բնակիչ, 55-ամյա Հովհաննես Մ.-ն և Գերմանիայի քաղաքացի,  35-ամյա Իրինա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել են բժշկական օգնությունից և դուրս են գրվել:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին և ուղևորներին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ  վթարված անվադողի պատճառով այնտեղ կայանված  Renault Logan մակնիշի ավտոմեքենայի  վարորդն ու ուղևորները:   Mercedes ի վարորդն աշխատում է Թալինի մշակույթի տանը՝ որպես մեթոդիստ:  Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: