«Եկել եք մեր տուն, պետք է հարգեք մեր ավանդույթները». հայ ակտիվիստները խափանել են պրոուկրաինական ցույցը
Պրոուկրաինական ակտիվիստները, որոնց թվում նաև Ուկրաինայի քաղաքացիներ էին, որոշել էին բողոքի ակցիա անցկացնել Երևանում գտնվող ՌԴ դեսպանատան մոտ։ Նրանք ակցիան անվանել էին «Ոչ մեր օրերի ցեղասպանությանը»։
Տեղեկանալով սպասվող հանրահավաքի մասին՝ մի խումբ հայ ակտիվիստներ կոչ են արել թույլ չտալ Հայոց ցեղասպանության թեմայի շահարկումը 107-րդ տարելիցի նախաշեմին։ Նրանք դեսպանատան մոտ էին հավաքվել ավելի վաղ, քան տեղ էր հասել ուկրաինական դրոշներով խումբը։ Խմբի շարքերում էր նաև Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը։
«Ուկրաինան թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ։ Դուք թողել եք ձեր հայրենիքը, եկել եք այստեղ, որ ի՞նչ: Մենք ձեզ ընդունեցինք մեր երկրում։ Ձեզ ոչ ոք չի վռնդում, բայց մենք դեմ ենք, որ դուք բարձրացնեք թշնամական նացիստական պետության խորհրդանիշը։ Եթե դուք եկել եք մեր տուն, դուք պետք է հարգեք մեր ավանդույթները», - ասաց ակտիվիստ և բլոգեր Միքայել Բադալյանը։
Հայ ակտիվիստները հայտարարել են, որ թույլ չեն տալու Ցեղասպանության թեման շահարկել քաղաքական նպատակներով։ Մսնակիցները նաև հիշեցրել են, որ Ուկրաինան հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և աջակցել է Ադրբեջանին 44-օրյա պատերազմում: Երկու ակցիայի մասնակիցները հանդիպել են ՌԴ դեսպանատան մոտ։ Հնարավոր բախումները կանխել է ոստիկանությունը, որը պատ էր կազմել նրանց միջև:
Դրանից հետո հակառուսական ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Երևանի կենտրոն։






























