ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի առաջին այցը Պետդումա. վարչապետի ու Վոլոդինի հանդիպումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ և քննարկել երկկողմ համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ սա Պետդումա ՀՀ վարչապետի առաջին այցն է։
«Ձեր այցը միանշանակ կանդրադառնա մեր խորհրդարանների հարաբերությունների զարգացման վրա», –Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Վոլոդինը։
Պետդումայի նախագահի խոսքով` Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը խորհրդարանական տիրույթում բավական ակտիվ է։ Դրան նպաստում է երկու երկրների միջև առկա վստահությունը։
«Ձեր աջակցությամբ միջխորհրդարանական երկխոսությունն ավելի ակտիվ կզարգանա, և մենք ավելի լավ կհասկանանք միմյանց», – հավելել է Վոլոդինը։
ՀՀ վարչապետն իր հերթին նշել է, որ նման շփումը երկու երկրների հարաբերություններին նոր խթան է հաղորդում։
«Համոզված եմ, որ մեր միջխորհրդարանական կապերը կզարգանան», – ասել է Փաշինյանը։
Նա նաև Պետդումայի նախագահին վստահեցրել է, որ աջակցելու է ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ ԱԺ–ի միջև միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին։