«Այդ ներխուժումը Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիա է»․ Միրզոյան
ԵԱՀԿ-ում Լեհաստանի կողմից նախագահության ստանձնումը համընկավ եվրոպական տարածաշրջանի անվտանգության լրջագույն ճգնաժամի՝ Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո արված հայտարարության մեջ նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հասկանալի է, որ այն իր վրա է սևեռում ԵԱՀԿ-ի ուշադրության մեծ մասը, սակայն ակնկալում ենք, որ ԼՂ հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում: Սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները ԼՂ-ում էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար:
Դրա վառ վկայությունն է մարտի 24-ին Ադրբեջանի ներխուժումը Ղարաբաղի տարածք ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ: Այդ ներխուժմանը և ռազմական գործողությունների հրահրմանը նախորդել էին հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող հրազենային կրակահերթերը: Ադրբեջանը խափանել էր ԼՂ-ի կենսական նշանակություն ունեցող միակ գազատար խողովակի աշխատանքը և գազի մատակարարումը խստաշունչ եղանակային պայմաններում»,-ասաց Արարատ Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այդ ներխուժումը Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիա է, ինչը բացահայտ արհամարհանք է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին: Նրա խոսքով՝ այս իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը դառնում է հրամայական, իսկ ԼՂ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը՝ հրատապ, հումանիտար ճգնաժամը կանխելու համար:
«Մենք գոհունակությամբ ենք փաստում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արդեն իսկ հստակ գնահատական են տվել ԼՂ-ում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի»,-ասաց Արարատ Միրզոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Որքա՞ն զոհ ունեն ռուսները․ ԱՄՆ Պետդեպն իր հաշվարկներն է հրապարակել
ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակում ռուսական կողմի կորուստները գերազանցում են...
«Պետք է ստորագրենք այդ փաստաթուղթը հնարավորինս սեղմ ժամկետներում». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ...
«Պաշտպանողական պատասխան են». Էրդողանը` Արցախում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը կարծում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախում՝ Ասկերանի շրջանի Փառո...
Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ․ քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի...