ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ արտադրողները պաշտպանական նոր տեխնոլոգիաներ են ներկայացրել․ ներկա է եղել նախագահը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել մարտի 31-ից ապրիլի 2-ն անցկացվող՝ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը:
Վահագն Խաչատուրյանը ողջունելով ներկաներին, իր խոսքում նշել է, որ իր համար այս միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի:
«Մենք՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության պատասխանատուներս, հասկանալով այս ամենն ու գնահատելով նախարարության հնարավորությունը, դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, (ես այն ժամանակ զբաղեցնում էի նախարարի պաշտոնը), առաջարկեցի 2022 թվականին իրականություն դարձնել ՀՀ վարչապետի 2021 թվականի փետրվարին կայացրած որոշումը «ԱրմՀայԹեք 2022» ցուցահանդեսի կազմակերպման մասին: Մենք չէինք կարող կանխատեսել այն բոլոր դժվարություններն ու բարդությունները, որոնք ի հայտ էին գալու, սակայն ի պատիվ կազմակերպիչների՝ մեծ միջգերատեսչական խումբ էր աշխատում, այսօր այն իրականություն է դարձել»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:
Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը հնարավորություններ կստեղծի նոր համագործակցության, համատեղ ծրագրերի, ստեղծարար գաղափարների իրականացման համար: