Բենզինի գնաճը կշարունակվի նաև մյուս ամիս․ Radar Armenia
Վերջին օրերին բենզինն ու դիզվառելիքը կրկին թանկացել են. «ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում է 520-530 (նախկին 500-510-ի փոխարեն), իսկ «պրեմիում»-ը՝ 540-550 դրամով (նախկին 520-530 դրամի փոխարեն)։ Միաժամանակ, դիզվառելիքի գինը հասել է 570 դրամի։
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2022թ. փետրվարին՝ 2021թ. փետրվարի համեմատ, բենզինի և դիզվառելիքի գներն աճել են, համապատասխանաբար, 31.2% և 44.6%-ով:
Բենզինը կտրուկ թանկացավ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով միջազգային շուկայում նավթի գների բարձրացումից հետո։ Վերջին օրերին նավթը սկսել է էժանանալ, բայց մեզանում բենզինի գնի վրա այդ հանգամանքը դեռևս չի անդրադարձել, գրում է Radar Armenia-ն։
Բենզին ներմուծող խոշոր ընկերություններից՝ «Max Oil»-ի տնօրեն Կամո Մելքոնյանը լրատվամիջոցի հետ զրույցում բենզինի գնաճը կապել է նավթի գների հետ՝ ասելով, որ իրենք ամեն օր չեն նավթի գները ֆիքսում, այլ՝ ամսական մեկ անգամ, և ամսվա կտրվածքով ինչ արժեք լինում է, դրանից է գնագոյացում առաջանում. «Մեր կազմակերպությունում գնաճը նավթի գների հետ է կապված։ Մենք մինչև հիմա վաճառել ենք նախորդ ամսվա եղածը։ Այսօր դիզվառելիքի ինքնարժեքը 620 դրամ է, բայց մենք այսօր դեռ նախորդ ամսվա ներմուծած ապրանքն ենք վաճառում՝ նախորդ ամսվա արժեքով։ Հիմա արդեն գները բարձրացել են, այսինքն, հնարավոր է՝ մյուս ամիս ավելի բարձրանա բենզինի գինը»։
Բենզին ներմուծող մեկ այլ՝ «Ֆլեշ» ընկերությունիցից լրատվականին փոխանցել են, որ գնաճը կապված է համաշխարհային շուկայի և նավթի արժեքի բարձրացման հետ. «Արժեքը կախված է ներմուծված վառելիքի արժեքից։ Մենք արտադրող ընկերություն չենք, միջազգային շուկայից ինչ արժեքով ներմուծվում է, այդ արժեքով վաճառում ենք»։