
ՀՀ քաղաքացիները Ուկրաինայից Հայաստան են վերադառնում տրասնֆերային չվերթներով

Ռուս-ուկրաինական ռազմական էսկալացիայի հետևանքով Ուկրաինայից Արևմտյան Եվրոպայի երկրներ տեղափոխված ՀՀ քաղաքացիները Հայաստան են վերադառնում 15-օրյա ժամկետում։ Այս մասին 24News-ին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանը՝ հավելելով, որ նրանց մի մասն արդեն Հայաստան վերադարձի ճանապարհին է։
Նա նշեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը քայլեր է ձեռնարկում, որ նաև ոչ ՀՀ քաղաքացի հանդիսացող հայերը նույնպես աջակցություն ստանան։
«Որ մեր հայրենակիցները հայկական համայնքային կառույցների կողմից որոշակի աջակցություն ստանան, իրենց փաստաթղթերը կարգի բերեն, շունչ առնեն, սթրեսային վիճակից դուրս գան։ Սակայն նրանց տեղափոխության հետ կապված պետության կողմից դեռևս տարհանման հստակ քայլ չկա։ Մենք ունեն բավականին մեծ համայնք Ուկրաինայում՝ 400-500 հազարանոց, և մեծ մասը ՀՀ քաղաքացիություն չունեն։ Իրենց դեպքում 15-օրյա սահմանափակումը չի գործում։ Գուցե նրանք այլ կարգավիճակ ստանան եվրոպական երկրների կողմից, սա արդեն բնականաբար մեր ենթակայությունից դուրս է»։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակն ասաց, որ Հայաստանի քաղաքացիներն Ուկրաինայից հիմնականում անցնում են Լեհաստան, իսկ Եվրոպական Միության երկրներում մնալու համար ունեն 15 օր ժամանակ։ «Նրանց մի մասը նաև Մոլդովա է անցնում, որովհետև բավականին մոտ է սահմանը։ Բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ Մոլդովայի օդային սահմանն էլ է փակ, այսինքն՝ մարդիկ կրկին անցնում են երրորդ երկիր, և այնտեղից վերադառնում Հայաստան։ Քաղաքացիները, որոնք անցել են Ուկրաինայի արևմտյան սահմանակից և շենգենյան գոտիում գտնվող երկրներ, 15-օրյա ժամկետ ունեն»։
Կարապետյանի խոսքերով՝ ՀՀ քաղաքացիները, ովքեր տարբեր պատճառներով (աշխատանք, զբոսաշրջային, հարազատների այցելություն) եղել են Ուկրաինայում և ռազմական գործողություններով պայմանավորված չեն կարողացել դուրս գալ, Հայաստան են վերադառնում տրանսֆերային չվերթներով կամ ցամաքային ճանապարհով։ «Երկրորդ երկրից պետք է երրորդ երկրներ գնան, որոնք ուղիղ չվերթներ ունեն դեպի Հայաստան։
«Վերադառնալու համար օգտագործում են Վիեննա-Երևան, Ֆրանկֆուրտ-Երևան, Փարիզ-Երևան, Աթենք-Երևան, Ստամբուլ-Երևան ճանապարհները», - եզրափակեց նա։