Զելենսկին այս անգամ էլ դիմել է աշխարհի հրեաներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է աշխարհի բոլոր հրեաներին՝ Կիևում Բաբի Յարի կոչվող վայրի ուղղությամբ ռուսական զինուժի հրթիռային հարձակման պատճառով։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է այսօր։
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, Բաբի Յարն այն վայրն է, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ գերմանական զորքերի կողմից Ուկրաինայի օկուպացիայի ընթացքում, իրականացվել են քաղաքացիական բնակչության՝ հիմնականում հրեաների, գնչուների, ինչպես նաև խորհրդային ռազմագերիների զանգվածային մահապատիժներ նացիստների և ուկրաինացի կոլոբորոցիոնիստների կողմից:
Զելենսկին հիշեցրել է, որ Բաբի Յարը Կիևում առանձնահատուկ վայր է, աղոթավայր, նացիստների կողմից սպանված 100 000 մարդկանց հիշատակի վայր։
«Դուք երկրորդ անգամ եք սպանում Հոլոքոստի զոհերին։ Շատ կարևոր է, որ հենց հիմա դուք՝ միլիոնավոր հրեաներ ամբողջ աշխարհում, չլռեք, քանի որ նացիզմը ծնվում է լռության մեջ։ Ուստի, բղավեք խաղաղ բնակիչների սպանությունների մասին, բղավեք ուկրաինացիների սպանությունների մասին»,- ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։