Թագուհի Թովմասյանն առաջարկում է բնակարանով չապահովելու դեպքում զինծառայողներին դրամական փոխհատուցում հատկացնել

 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն առաջարկում է ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին հաշվարկել ամսական դրամական փոխհատուցում:

 

Ընդդիմադիր պատգամավորի հեղինակած ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցման քննարկվեց է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում:

 

Հեղինակը նշեց, որ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակարան վարձակալելու դիմաց Կառավարության սահմանած կարգով և չափերով պայմանագրային զինծառայողներին տրվում է դրամական փոխհատուցում: Զինծառայողները հաճախ վարձով բնակվում են այլ վայրում, որևէ ծանոթի տանը, նրա հետ պայմանագիր կնքում, հարկերը վճարում և այդ փաստաթղթերը ներկայացնում են համապատասխան հանձնաժողով՝ ստանալով վարձավճարի փոխհատուցում: Այսինքն, զինծառայողները ներկայացնում են սեփականություն չունենալու մասին Կադաստրի կոմիտեի տեղեկանքը, իրավական ակտերով սահմանված կարգը պահպանում են՝ բացառությամբ այն դրույթի, որ ապրում են ոչ թե պայմանագրի մեջ նշված հասցեում, այլ այնտեղ, որի տան տերը չի կնքել պայմանագիր: Նշված խնդրահարույց դեպքերի առնչությամբ 81 քրեական գործեր են հարուցվել, դրանցից 30-ի նախաքննությունն ավարտվել եւ գործերի ընթացքը լուծվել է անհատական մոտեցմամբ, իսկ 51 քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: Ըստ Թագուհի Թովմասյանի՝ առանց օրենսդրական կարգավորման քրեական գործերի թիվը կարող է անընդհատ աճել:

 

Պատգամավորն առաջարկում է այլևս չպահանջել նոտարական վավերացմամբ վարձավճարի պայմանագիր: Միայն սեփականություն չունենալու մասին Կադաստրի կոմիտեի տեղեկանքը պետք է բավարար լինի այդ փոխհատուցումից օգտվելու համար: Թագուհի Թովմասյանը նշեց, որ խնդիրը քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

 

Հարակից զեկույցում պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ նշեց, որ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը տվել է բացասական եզրակացություն` այն հիմնավորմամբ, որ կա լրամշակման կարիք: Նա առաջարկեց բացասական եզրակացություն տալ նախագծին: Պատգամավորը բարձրացրել է նաև փոխհատուցվող գումարի չափը վերանայելու հարցը:

 

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ներկայացնելով Կառավարության տեսակետը, նշեց, որ առաջարկվող փոփոխությունները չեն բխում օրենքի 65-րդ հոդվածի կարգավորման էությունից: Հոդվածի կարգավորման նպատակը ոչ թե պարզապես դրամական փոխհատուցում տրամադրելն է, այլ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին աջակցելը: Կառավարությունը ծրագրում է համալիր լուծումներ տալ զինծառայողների բնակարանով ապահովման գործընթացին եւ այս պահին առաջարկում է ձեռնպահ մնալ կարգավորումների ընդունումից:


Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ՝ պետք են լուծումներ, որոնք զինվորականներին չեն ներքաշի խարդախության մեջ:

Քննարկումների արդյունքում նախաձեռնությունն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Քաղաքականություն