ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային նոր համալիր է կառուցվելու, սակայն բնակիչները դեմ են

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը, որով նախատեսվում է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում գտնվող 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում ներդրում իրականացնել:

Ներդրումային ծրագրով Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային նոր համալիր է կառուցվելու:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրեց, որ անելու են ամեն ինչ, որ հաջորդ տարի լեռնադահուկային ավանը սկսի աշխատել.

«Ընդհանուր առմամբ, 27 մլն դոլար է ներդրվելու ճոպանուղային համակարգի վրա։ Մի քանի ճոպանուղի է լինելու։ 8 մլն դոլար՝ արհեստական ձյան համակարգի վրա։ Ընդ որում, դա առաջինն է Հայաստանում։ Ընդհանուր 60 մլն դոլարանոց ներդրումից ընդամենը 7 միլիոնն է ներդրվելու խաղատան մեջ։ Մենք խոսում ենք Եղիպատրուշ գյուղում մի նոր փոքր քաղաքի ստեղծման մասին»,- ասաց նա՝ նշելով, որ ներդրման արդյունքում միգուցե Ծաղկաձորի նման մի նոր քաղաք ունենանք»,- ասաց Քերոբյանը։

 

Հավելենք, որ եղիպատրուշցիները նշյալ նախագծի իրականացման վերաբերյալ ունեն բողոք-պահանջներ, որի մասին պատմել են Auroranews-ին՝ նշելով, որ չնայած իրենց պատկանող հողերը համարվել են հանրային գերակա շահ, սակայն իրենք տուժում են և կորցնում իրենց համար նշանակալի տնամերձ հողատարածքներ։ 

 

Auroranews-ի հետ զրույցում գյուղացի Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ նախագծի իրականացման հետևանքով տուժում են շուրջ 60 գյուղացիներ, որոնց էլ  պատկանում են այդ 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքները։ 

 

«Ես ուզում տղայիս համար տուն կառուցել, մյուսն ուզում է այգի տնկել, կամ արդեն ունի այդ այգին։ Հիմա մենք չենք ուզում, որ օտարեն մեզնից մեր հողը, մեզ հարմար է»,-ասաց զրուցակիցը։ 

 

Նշենք նաև, որ դեռ հոկտեմբեր ամսին, երբ հողամասերը հանրային գերակա շահ են ճանաչվել գյուղի բնակիչները ստորագրահավաքով դիմում են ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ նշելով, որ հանրային գերակա շահ են ճանաչվել նաեւ համայնքի բնակիչների սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասեր և վարելահողեր։ 

 

Նախարարության պատասխանը գյուղացիներին շատ չի ուշացել․ 

Ի պատասխան եղիպատրուշցիների գրության՝ նախարարությունից մեկնաբանել են, որ կառավարության որոշմամբ հավանություն ստացած՝ «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ՝

ա. ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ գրավչությունը, կբարելավվի զբոսաշրջությունը, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի եւ ամբողջ Հանրապետության համար,

բ. ծրագրի իրականացումը կունենա նաեւ բնապահպանական, առողջության, սպորտի, մշակույթի զարգացման նշանակություն։

 

Նախարարությունից շեշտել են, որ ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց հիշատակված անշարժ գույքի միավորների օտարման:

Նախարարությունից բնակիչներին էլ են հայտնել, որ որոշման նախագիծը բազմիցս քննարկվել է շահագրգիռ մարմինների, այդ թվում՝ Արագածոտնի մարզպետարանի հետ: Գերատեսչությունն իր պատասխանում նշել է, որ որոշման նախագծին հավանություն տալու հանձնաժողովի մասով տեղեկատվություն առկա չէ: 

 

Auroranews-ն արդեն այսօր կապ հաստատեց նաև ՀՀ Արագածոտնի մարզպետարան, որտեղից մեզ ասացին, որ բնակիչների հետ վերջին քննարկումը թեմայի առնչությամբ եղել է հունվարի 12-ին, իսկ ինչ վերաբերում է սպասվելիք հանդիպումներին և քննարկումներին դրանք նույնպես նախատեսված են։ 

Քաղաքականություն