ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենդանաբանական այգին կվերացնեն, տեղն էլիտար թաղամաս կկառուցեն․ բողոքի ակցիա
Կենդանաբանական այգու հետ կապված դժգոհություններ մենք դեռ վաղուց ունենք, ինչի մասին այն ժամանակ էլ խոսել ենք, բայց այսօր որոշել ենք հենց կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա իրականացնել ու մեր ձայնը փորձել հնարավորինս լսելի դարձնել։ Այս մասին քիչ առաջ Կենդանաբանական այգու մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը։ Նշենք, որ ակցիան իրականացնում են կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները։
«2018-2019 թվականներին էլ ենք ակցիաներ արել, երբ դեռ տնօրեն են Ռուբեն Խաչատրյանը։ Դժգոհությունները եղել հենց Ռուբեն Խաչատրյանից ու նրա այդ անհասկանալի ծրագրերից՝ ինչ-որ Եվրոպա և այլն։ Նրա ժամանակ եղան կենդանիների անկումներ, ոչ մասնագիտական մոտեցում։ Նա իրականում կինոռեժիսոր էր ու իրականում ոչ մի կապ չուներ կենդանիների հետ։ Նրա նկատմամբ բողոքներ ունեինք կապված նաև իր հիմնադրամի հետ, որը փոխկապակցված էր։ Հիմա այդ բազմաթիվ բողոքների արդյունքում նրան հեռացրին, նրա տեղ նստեց նրա օրոք աշխատանքի ընդունված մի աշխատակից՝ Վլադիմիր Սիմոնյանը, որը ավտոմատ դառավ ժամանակավոր պաշտոնակատար, սակայն կորոնավիրուսը, պատերազմը նրա պաշտոնավարումը մի փոքր երկարեցրեց ու նա 6 ամսից շատ մնաց։ Երբ ամեն բան վերջացավ, նրան հանեցին աշխատանքից ու նրա տեղը նշանակեցին Ռուբեն Խաչատրայանի հետ աշխատող, միջազգային կապեր ներկայացնող, մասնագիտությամբ տնտեսագետ Արևիկ Մկրտչյանը, որը նույն Ռուբեն Խաչատրյանի շարունակությունն է, բան չի փոխվել։ Ինքը այո, բոլոր տեղերը ասում է, թե իրար հետ կապ չունեն, բայց դա, բնականաբար, հարցի լուծում չէ»,- պնդեց Ռաֆայելյանը։
«Եթե ինքը շարունակում է Խաչատրյանի ոճը, պարզ բան է, որ ամեն ինչն էլ կրկնվում է ու կրկնվելու է։ Էլի կան բազմաթիվ կենդանիների անկումներ, աշխատկիցների հեռացումներ, մի ամսվա ընթացքում աշխատակիցների մոտ 25 տոկոսը դուրս է եկել աշխատանքից։ Մի մասին ստիպել են դուրս գալ, մի մասն էլ տեսնելով, թե ինչ է կատրվում, դուրս է եկել, այսինքն՝ հիմա այս այգում իրականում ոչ կոմպետենտ մարդիկ են ուղղակի աշխատում։ Անգղների անկումները ով պիտի բացատրի։ Տո մեկ ասում են ճիճու է եղել, մեկ ասում են՝ չէ, թունավորում է եղել։ Այս վեց ամիսների ընթացքում շատ կենդանիների անումներ են եղել, որի մասին ուղղակի չի բարձրաձայնվել։ Արջերն էլ իրար գզել են։ Հիմա էս մարդիկ եկել են ու ասում են՝ գիտական ծրագիր ենք անում, գիտական ծրագրի համար դու պիտի գիտնական լինես, որ անես, արջերի գիտական ծրագիրը որն է, էս ի՞նչ եք անում։ Ո՞վ է որոշել, որ արջերը պիտի սոված մնան, դա բացարձակ տգիտություն է, տգիտություն, ամոթ է դա։ Ես կարծում եմ, որ այս ամենը արվում է դիտավորյալ, որ կենդանաբանական այգու տարածքը ազատվի, որովհետը, ըստ օդում կախված լուրերի, ստեղ ուզում են սարքեն էլիտար թաղամաս։ Դա դեռ 2011 թվականից էր այդ խոսակցությունները շրջանառվում։ Ինչ-որ բան ուզում են անեն, հնարավոր է նաև տան վարձով, սարքեն ինչ-որ մասնավոր բան, Ռուբեն Խաչատրյանն էլ իր կենդանիներին վարձով տա, մենք չենք լռելու , դրա համար էլ այստեղ ենք»,- հավելեց նա։