ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոտհարքերի 80 տոկոսն ադրբեջանցիների մոտ է. նորաբակցիները՝ սահման այցելած պատգամավորին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղ և զրուցել բնակիչների հետ։ Վերջիններս ներկայացրել են առկա խնդիրները, երբ ադրբեջանական զորքերը գյուղի հարևանությամբ են։
Բնակիչներից մեկը նշեց, թե իրենց խոտհարքերի 80 տոկոսն ադրբեջանցիների մոտ է, գյուղատնտեսական աշխատանքներ չեն կարողանում կատարել։ «Ինձ ասում ա՝ առաջ մի արի, ինչ անեմ, առաջ գնամ, խփի՞»,-նշեց նա։
Մի բնակիչ ասաց, որ 6 հեկտար խոտհարք ունի, 4 հեկտար էլ վարելահող, բայց ոչինչ չի ցանել այդ 4 հեկտարում, որովհետև հնձելը խնդիր կարող է լինել
Նորաբակցիներից մեկն էլ հավելեց․«9 կմ է այստեղից մինչև սահման, 3 կիլոմետրը մերն է, 6-ն իրենց ձեռքում է, պատկերացրեք՝ ինչքան են իջել։ Էս տարի կրակեցին տրակտորի վրա, չկպավ»։
Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանն էլ ընդգծեց, որ դրանք հենց Նորաբակի վարչական տարածքներն են, Քարվաճառինը չեն եղել, որ հիմա կարողանան ադրբեջանցիներն զբազեցնել։ «Այդքան բարձրաձայնում ենք խնդիրները, դեռ որոշ պաշտոնյաներ ուզում են համոզել, որ դրանք նրանց տարածքներն են, ճիշտ տեղում են կանգնել»,-ասաց նա։
Բնակիչների տեղեկացմամբ՝ խմելու և ոռոգման ջրի խնդիր էլ է առաջացել։ «Խմելու ջրի աղբյուրներում ջուր չկա, ժամանակ կա, Վարդենիսից ենք խմելու ջուր բերում, կապտաժները թուրքերի մոտ են, փակված են, չենք կարողանում բացել»,-ասաց բնակիչներից մեկը։
Մեկ այլ նորաբակցու խոսքով էլ՝ խնդիրների բարձրաձայնումն արդյունք չի տալիս։ «Երևան ես գնում, ասում են՝ մեզ Վարդենիսը պե՞տք է։ Թող գան մի օր այստեղ մնան, իմանան՝ պե՞տք է, թե՞ պետք չի»,-ասաց նա՝ հավելելով, որ բնակիչները հաճախ նաև կրակոցների ձայներ են լսում։
Նորաբակցիները նշեցին, որ ադրբեջանական ԶՈւ-ն այդ սահմանին ակտիվ ամրաշինական աշխատանքներ է կատարում։
«Առաջ են եկել թուրքերը, տեխնիկայով աշխատում են, մարզպետարանից ասում են՝ դիմել ենք ՊՆ, ճիշտ է՝ տեխնիկան աշխատում է, բայց իրենց վարչական տարածքն է։ Ես էլ ասում եմ՝ 1988 թվականից այստեղ եմ ապրել, սար ենք գնացել, սահմանը սարից հեռու է։ Հույս չկա, դրանք հետ գնացողը չեն, դեռ առաջ կգան։ Սա երկի՞ր է դառնում, մենք էլ կթողնենք, կգնանք երկրից»,-ասացին բնակիչները։
Մանրամասները՝ տեսանյութում։