Պարեկային SKODA-ների փոխանցման տուփերը հերթով շարքից դուրս են գալիս․ «Հրապարակը»
«Քանիցս գրել ենք, որ Պարեկային ծառայության համար ձեռք բերված նոր Skoda Octavia մակնիշի ավտոմեքենաներն իրենց չեն արդարացնում, նրանց վրա տեղադրված լուսաձայնային սարքավորումները, ռադարներն ու գաջեթները հոսանքի գերծանրաբեռբվածություն են առաջացնում, ինչի հետևանքով ավտոմեքենան չի կարողանում ապահովել իր տեխնիկական պարամետրերը, որոնք նախատեսված են գործարանի կողմից»,- գրում է «Հրապարակը»։
Լրատվամիջոցը նշում է, որ դրա հետևանքով հաճախ նաև տեխնիկական խափանումներ են առաջանում, և պարեկային Skoda-ները դառնում են շահագործման ոչ ենթակա։ Մասնավորապես, լրատվականին ասել էին, որ հաճախակի խափանվում են այս մեքենաների փոխանցման տուփերը, որոնք նուրբ կառուցվածք ունեն, և երբ միացնում են լուսային ազդանշանները, մասնավորապես՝ կողային հատվածում տեղադրված մեծ լուսարձակը, հոսանքի ծանրաբեռնվածությունից պարեկային ծառայության Skoda Octavia-ի փոխանցման տուփը շարքից դուրս է գալիս։
Այս թեմայով լրատվամիջոցը հարցում էուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե պարեկային ծառայության քանի՞ Skoda Octavi կա պարեկային ոստիկանության ավտոպարկում, նրանցից քանի՞սն է, որ չի շահագործվում և ի՞նչ պատճառով։ Ոստիկանությունից հաստատել էին մեր տեղեկությունը, որ կան չշահագործվող մեքենաներ, որոնք կանգնած են փոխանցման տուփում առաջացած խնդիրների պատճառով։
«Այս պահին պարեկային ծառայության հաշվեկշռում գտնվող 150 միավոր «Շկոդա Օկտավիա» մակնիշի տրանսպորտային միջոցներից 33-ը չեն շահագործվում՝ փոխանցման տուփերի սելեկտորների խափանված լինելու պատճառով»,- ասվել է է ոստիկանության պատասխանում։
Նշենք, որ ոստիկանությունում ևս ընդունում են, որ սխալ գնում են կատարել՝ ձեռք բերելով այսպիսի մեքենաներ պարեկային ոստիկանության համար։
«Հրապարակը» նշում է, որ պարեկային ոտսիկանության համար Skoda Octavia-ների՝ մեկ անձից կատարված գնումը կատարվել է որոշակի խախտումներով, մի քանի անգամ չափանիշների և ժամկետների փոփոխությամբ, և հիմա ոստիկանությունը մտադիր է արդեն մարզերում պարեկային ոստիկանության ծառայության անխափան աշխատանքն իրականացնելու նպատակով այլ մակնիշի մեքենաներ ձեռք բերել։ Ամենայն հավանականությամբ՝ նոր մեքենաները կլինեն Toyota մակնիշի՝ Camry կամ RAV 4, և ձեռք կբերվեն «Տոյոտա Երևան» ընկերությունից, ինչպես նախկինում։