Հասարակություն

Հավանական է, որ Հայաստանը կընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը. վարչապետ

Հավանական է, որ Հայաստանը կընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը. վարչապետ

Մեծ հավանականությամբ Հայաստանը կընդունի Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը, բայց ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից: Այս մասին ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում:

Վարչապետը հիշեցրեց՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ֆորմատ է ձևավորվել, արդեն իսկ տեղի է ունեցել հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:

«Ես կարծում եմ, որ եթե այս դինամիկան պահպանվի, շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանն այդ ֆորումին մասնակցելու հրավերը կընդունի: Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց, համենայնդեպս, առաջին հանդիպումից հետո մեծանում է հավանականությունը, որ ՀՀ-ն կընդունի այդ հրավերը, որովհետև, եթե խոսակցություն է սկսվել, շատ անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու այդ առիթը և հնարավորությունը բաց թողնենք, առավել ևս, որ շատ ավելի լայն համատեքստում քննարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ ողջ միջազգային հանրությունը շատ նախանձախնդիր է և աջակցում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. ՌԴ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Փաշինյանը կարծում է՝ նաև տարածաշրջանի երկրներն են շատ շահագրգռված: «Ճիշտ է՝ խաղաղության օրակարգը մենք ենք բարձրաձայնում, բայց կարծում եմ՝ խաղաղության օրակարգը հետաքրքիր է բոլորին»,-ասաց նա:

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ֆորումին մասնակցում են ԱԳ նախարարները:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250