
Այս տարի Երեւանի վարչական շրջաններում տոնածառից զատ ի՞նչ է սպասվում

Այս տարի Երեւանը համեստ զարդարանքներով ու առանց տոնական միջոցառումների կդիմավորի Նոր տարին: Ինչպես արդեն հայտնել էինք, քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը եւս հանդիսավոր կերպով չեն վառվի: Դրանք դեկտեմբերի 23-ի երեկոյան կմիացվեն անաղմուկ՝ առանց միջոցոռման:
Գրեթե նույնն էլ լինելու է նաեւ Երեւան քաղաքի բոլոր վարչական շրջաններում: Համընդհանուր քննարկման արդյունքում որոշվել է ամեն վարչական շրջանում տեղադրել միայն մեկ տոնածառ՝ զերծ մնալով ճոխ ու աչք ծակող զարդարանքներից եւ տոնական միջոցառումներից:
Ավելին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ համընդհանուր քննարկման արդյունքում վարչական շրջանների ղեկավարները որոշում են կայացրել հրաժարվել նաև կորպորատիվներից: «Նույն որոշումն ենք կայացրել նաեւ զարդարանքների եւ տոնական միջոցառումների հետ կապված: Միայն մեկ գլխավոր տոնածառ ենք տեղադրելու, առանց որեւէ ճոխ զարդարանքի»,- ասաց Կարապետյանը:
Նույնը փաստեց նաեւ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը: Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ ունեն ընդհանուր որոշում, որ այս տարի հնարավորինս համեստ եւ սեղմ է լինելու ամեն ինչ: «Ունենալու ենք տոնածառ, բայց դրանից ավելին չի լինելու, տոնական միջոցառումներ, կամ աչքի ընկնող զարդարանք չի լինելու: Իսկ տոնածառ տեղադրելու որոշումն էլ կայացրել ենք, որպեսզի անկախ կատարվածից, մեր երեխաներն այս տոնը կամ տվյալ տարին տխուր չհիշեն»,- նկատեց Դանիելյանը:
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը հայտնեց, որ այս տարի վարչական շրջանի գլխավոր տոնածառը կտեղադրվի Դավթաշենի կենտրոնական այգում: Տոնածառի բացման հանդիսավոր արարողություն եւս նախատեսված է, բայց այլ զարդարանքներ չեն լինելու. «Բացման օրը՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:30-ին, փոքրերի համար նաեւ տոնական միջոցառում է նախատեսվում»,- ասաց նա:
Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանն էլ, հաստատելով մյուս վարչական շրջանների ղեկավարների խոսքը, շեշտեց՝ գլխավոր տոնածառից զատ, դեկտեմբերի 23-ին երեխաների համար փոքրիկ միջոցառում է սպասվում, հեքիաթային հերոսներ կլինեն: