Քաղաքականություն

Ռուբեն Մեհրաբյան. «Սոչիի ոչ հայտարարության մեջ, ոչ բանավոր մասում «միջանցքի» մասին նույնիսկ որևէ ակնարկ չկա»

Lilit T. 252 դիտում
Ռուբեն Մեհրաբյան. «Սոչիի ոչ հայտարարության մեջ, ոչ բանավոր մասում «միջանցքի» մասին նույնիսկ որևէ ակնարկ չկա»

Ադրբեջանը Սոչիի հանդիպումից հետո ևս դիմում է սահմանային սրացումների, հանդես գալիս վերջնագրերով, ժամկետ է ուզում, թե իրեն երբ պետք է տան «միջանցք», սակայն այդ մասին Սոչիի հայտարարության մեջ նույնիսկ որևէ ակնարկ չկա, չի էլ եղել բանավոր մասում: Այս մասին ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կողմից կազմակերպված «Ի՞նչ է հաջորդել Սոչիին, և ի՞նչ է նախորդում Բրյուսելին․ հնարավո՞ր է հայ-ադրբեջանական նոր պատերազմ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը: 

Անդրադառնալով Սոչիի հանդիպմանը՝ Մեհրաբյանը հիշեցրեց, որ այնտեղ ընդունվել է թվով երորրդ հետպատերազմական հայտարարություն: «Դա ֆիքսեց 4 փաթեթ կամ ենթափաթեթ այս գլոբալ խնդրում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների, որը 30 տարի շարունակ չի հանգուցալուծվում: Նաև ֆիքսվեց, որ այդ 4 փաթեթները պետք է լուծում ստանան մեկը մյուսից առանձին»: 

Նա նկատեց՝ սահմանազատման և սահմանագծման հարցում որոշվել է շարժվել երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ: «Պարզ է, որ սա տարիներով տևող գործընթաց պետք է լինի, որովհետև դա տարածաշրջանում ամենաերկար սահմանն է»,-նշեց քաղաքագետը: 

Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցի լուծման համար ստեղծվել և գործում է  փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խումբը, որում այդ հարցը պետք է լուծում ստանա: «Առաջնորդների բանավոր հայտարարությունից դա էր բխում»,-նկատեց նա: 

Ըստ Մեհրաբյանի՝ երրորդ փաթեթը, հումանիտար հարցերն են, ռազմագերիների վերադարձը, վստահության կառուցման հարցերը: Մեհրաբյանը նկատել է՝ կողմերը բանակցությունները վարում են, բայց վստահության մինիմալ անհրաժեշտ մակարդակն ապահովված չէ: «Եվ այս հայտարարությամբ այս հարցերի լուծման մեխանիզմները մնում են անորոշ»,-ասաց նա: 

Չորրորդ փաթեթը, ըստ նրա, բուն Արցախի հարցն է: Քաղաքագետը նկատել է վերջին հայտարարությունում դրան անդրադարձ ընդհանրապես չկա: Դրա լուծմանը կոչված է ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, սակայն դրան էլ անդրադարձ չկա: 

«Սոչիից հետո, սակայն, պարզ դարձավ, որ սահմանազատման, սահմանագծման գործընթացում հանձնաժողովի ստեղծման հետ կապված նշմարվող գործընթաց չկա, խոսակցություն կա, բայց գործընթաց չկա: Իսկ Բաքուն իր հերթին գնում է սահմանային սրացումների, Սոչիից հետո կան զոհեր և վիրավորներ: Բաքուն սկսել է հանդես գալ վերջնագրերով, ժամկետ է ուզում, թե իրեն երբ պետք է տան միջանցք: Դրա մասին էլ այդ հայտարարության մեջ նույնիսկ որևէ ակնարկ չկա և չի էլ եղել բանավոր մասում»,-ասաց քաղաքագետը: 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250