Ադրբեջանը պետք է ազատ արձակի հայ գերիներին, «նրանք ապօրինի են պահվում». իտալացի 26 խորհրդարանականների կոչը

Քսանվեց իտալացի խորհրդարանականներ կոչ են ստորագրել Դրագիի կառավարությանը, որպեսզի այն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ ռազմագերիներին և երկրում պահվող հայ քաղաքացիական անձանց ազատ արձակելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ասկանյուզ» գործակալությունը։

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակը մնում է լարված՝ ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումների և հրադադարը չպահպանելու պատճառով»,- բացատրում են կոչն ստորագրած պատգամավորերը՝ շծետելով, որ այսօր էլ Ադրբեջանի բանտերում անօրինական կերպով պահվում են մեծաքանակ հայ ռազմագերիներ, և բազմաթիվ հեղինակավոր աղբյուրներից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում վտանգված է հայկական քրիսոտոնեական պատմամշակութային ժառանգությունը։

Ըստ իտալացի խորհրդարանականների՝ բացի այդ, Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ օժանդակությամբ սպառնում է ուժի կիրառմամբ, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքով երկու երկրները միավորող արտատարածքային մի «միջանցքի» ստեղծմամբ: «Այս ամենը չնայած այն բանին, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը վերջ դրեց պատերազմին, նախատեսում է տարածաշրջանում հաղորդակցության և տրանսպորտային ողջ ցանցի ապաշրջափակում: Ավելին, համաձայն ստացված տեղեկատվության, Հաագայի Միջազգային Դատարանը (ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան - ԱՄԴ) դատավճիռ է կայացրել, որով Ադրբեջանից պահանջում է երաշխավորել ռազմագերիների իրավունքները, կանխել հայ ազգաբնակչության դեմ ռասայական ատելության հրահրումը և դատապարտել հայկական պատմական և մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը»,- նշված է փաստաթղթում:

Իտալացի 26 խորհրդարանականներն ակնկալում են, որ Կառավարությունն Արևելյան Գործընկերության շրջանակներում Եվրոպական Միություն-Ադրբեջան հարաբերություններում որպես նախապայման առաջադրի նշված երկրում Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով և դրան հաջորդած ժամանակաշրջանում վերցված ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը, սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարումը՝ ի նպաստ կառուցողական հենքի վրա խաղաղ բանակցություններում անկեղծ ներգրավվածության՝ լուծելու համար առկախված խնդիրները՝ ի շահ Կովկասի ողջ տարածաշրջանում անվտանգության և բարգավաճման:

 

Քաղաքականություն