ՊՆ փոխնախարարը՝ առաջնագծի կահավորումն ավարտելու մասին

Ամեն ինչ անելու ենք, որ մինչև տարեվերջ ավարտենք առաջնագծի կահավորումը, ամեն ինչ արվում է՝ սահմանին պատշաճ կահավորում և ինժեներական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը.

«Մենք սահմանին մոդուլային տնակներ ենք տեղադրել, որոնք հնարավորություն են տալիս մեր զինվորիներին՝ հերթափոխ իրականացնելու, քնելու, տաքանալու համար: Իրենք ապահոված են վառելափայտով, ամեն ինչ պետությունն անում է այդ վիճակը շտկելու համար»,-վստահեցրեց ՊՆ փոխնախարարը:

Վերջինս խուսափեց պատասխանել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հարցերից՝ պատճառաբանելով, որ դրանք զգայուն հարցեր են և պետք է բավարարվել միայն պաշտոնական հաղորդագրություններով.

«Խուճապային տրամադրությունները չեն նպաստում մեր սահմանի անվտանգության ապահովմանը, ես անընդհատ փորձում եմ խուսափել սահմանի վերաբերյալ հարցերին պատասխանելուց: Սահմանային գծի զգայուն հարցերի վերաբերյալ ՊՆ բոլոր պաշտոնյաներն էլ փորձելու են հնարավորինս քիչ տեղեկատվություն տալ, միայն հստակ և կոնկրետություն պարունակող տեղեկություններ պետք է լինեն»,-ասաց Արման Սարգսյանը:

Լրագրողի հարցին՝ ի վերջո Իշխանասարում ադրբեջանական զորքերը հետ գնացե՞լ են, ՊՆ փոխնախարարը պատասխանեց.
«Մի փիլիսոփայական բան ասեմ՝ եթե Իշխանասարի հետ կապված մի բան իմանաք, դա ձեզ օգուտ տալու՞ է, թե ոչ: Հանրությանը վստահեցնում ենք, որ մեր սահմանները պաշտպանվում են Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների կողմից, նոյեմբերի 16-ին տեղի ունեցած բախումների ժամանակ մեր զինված ուժերն իրենց մարտունակությունը նաև գործով ապացուցեցին»,-ասաց Արման Սարգսյանը:

Քաղաքականություն