ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կլինի, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները. Արփինե Հովհաննիսյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է մտորումներ այն մասին, թե ինչ կանի իշխանությունը, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, և ինչ կլինի, եթե վերցնի։ Նա նշել է, որ ընդդիմությունը չունի լավ լուծում, գտնվում է բարդ իրավիճակում և ցանկացած որոշման դեպքում վճարելու է բարձր քաղաքական գին, սակայն կարևոր է, որ որոշումները լինեն քաղաքական, այլ ոչ թե արտաքին ազդակներով պայմանավորված, ու սեփական ընտրողների հետ կոմունիկացվեն ազնիվ ու հասուն ձևով։
Անդրադառնալով քարոզչական դաշտ նետված թեզերին՝ Հովհաննիսյանը նշել է, որ որոշ իրավաբանների, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից հնչեցված այն տեսակետը, թե մանդատները չվերցնելու դեպքում Նիկոլ Փաշինյանը օրենսդրական փոփոխություններով կամ ՍԴ դիմելով դրանք կփոխանցի ավելի փոքր ուժերի, իրատեսական չէ։ Ըստ նրա՝ սա քարոզչական փրկօղակ է ընդդիմության համար՝ գալուստը հիմնավորելու համար։ Նա բացառում է այդ սցենարը, քանի որ դա կնշանակի օրենքով կամ ՍԴ որոշմամբ կեղծել ու խեղաթյուրել ընտրողների կամքը, ինչը կհարվածի ընտրությունների արդարության լեգիտիմության թեզին և ստվեր կնետի ամբողջ պատկերի վրա։
Հովհաննիսյանն ավելի իրատեսական է համարում այն տարբերակը, որ եթե ընդդիմությունը չվերցներ մանդատները և բոլորը հայտնեին բացարկ, ապա դրսից ճնշելով ու դեմորալիզացնելով իշխանությանը՝ վեց ամիս կամ մեկ տարի անց կգնային արտահերթ ընտրությունների՝ ձևավորելով այլ պատկերով խորհրդարան։ Սակայն, ենթադրելով, որ ավելի հակված են վերցնելու մանդատները, նա նշում է, որ համատարած ընտրակեղծիքների և կառավարության ձևավորումն ոչ լեգիտիմ համարելու խոսույթի պարագայում (որի մասին խոսում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի դե յուրե անդամ «Ապրելու երկիր» կուսակցությունը), մանդատ վերցնելու հարցի քննարկումն ընդհանրապես տրամաբանական չէ։
Նա անլուրջ է համարում իշխանական պատգամավորներին իրենց կողմ բերելու կամ 3/5-ի համար իշխանությանը ձայներ պակասելու թեզերը՝ հիշեցնելով, որ գաղտնի քվեարկությունների ժամանակ մարդիկ հանգիստ քվեարկում են ում օգտին ուզում են։ Փոխարենը, Հովհաննիսյանն առարկայական է համարում, որ ընդդիմության առաջնորդները հանրային երաշխավորություն ստանձնեն պատգամավոր դարձողների քաղաքական ամրության ու հուսալիության համար, որպեսզի նրանք չդառնան իշխանությանը պակասող ձայները։
ԿԸՀ նախնական տվյալներով ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49, 825 տոկոս
- «Ուժեղ Հայաստան»՝ 23,281 տոկոս
- «Հայաստան» դաշինք՝ 9, 934 տոկոս
- «Բարգավաճ Հայաստան»՝ 3,996 տոկոս:
ԱԺ անցնելու շեմը 4 տոկոսն է։ Վերահաշվարկի արդյունքում 4 տոկոսի հասնելու դեպքում ԲՀԿ-ն ևս կլինի նոր խորհրդարանում, իսկ մյուս երեք ուժերի հաստատուն ներկայությունը նոր Ազգային ժողովում արդեն ապահովված է։