Ջալալ Հարությունյանին այսօր վիրահատե՞լ են․ ArmDaily
ArmDaily.am-ին հասած տեղեկություններով՝ Արցախի ՊԲ նախկին նախարար, այժմ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյանին այս առավոտ վիրահատել են Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել Հայաստանի Պաշտպանության նախարարությունից եւ Արցախի Պաշտպանության Բանակի մամուլի խոսնակից, սակայն երկու դեպքում էլ մեր զանգերն անպատասխան են մնացել։
Այրվածքաբանության ազգային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Բերբերյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց այցելուների ու պացիենտների մասին տեղեկություններ չեն կարող տրամադրել։ «Ջալալ Հարությունյանը և ինչպես տասնյակ այլ զինվորականներ, ՀՀ քաղաքացիներ մեր պացիենտներն են եղել ու որոշակի առումով կան։ Ուստի իրենց առողջության հետ կապված, անձնական տվյալների գաղտնիությունից ելնելով՝ մենք չենք հրապարակում նամանավանդ, երբ նմանատիպ հարցադրումներ են լինում լրատվամիջոցներից, որովհետև դա բացառապես քաղաքացու, պացիենտի իրավունքն է և պարտականությունը՝ կասի կամ չի ասի՝ դա իր իրավունքն է։ Մենք նմանատիպ գաղտնիքներ չենք հրապարակում»,- ասել է Բերբերյանը։
Այրվածքաբանության ազգային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ դա իրենց այցելուների ու պացիենտների անձնական գաղտնիքն է, որը բժշկական գաղտնիք է հանդիսանում։ «Մենք իրավասու չենք հրապարակելու մարդկանց անձնական և բժշկական գաղտնիքները»,-հավելել է Արթուր Բերբերյանը։
Նշենք, որ Ջալալ Հարությունյանը պատերազմի ժամանակ ծանր վիրավորվել էր, որից հետո բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել։






























