
Սայաթ Շիրինյանի նկատմամբ խափանման միջոցը վերացվեց. Փաստինֆո

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ 2020թ դեկտեմբերի 23-ին Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժանմունք, ապա ձերբակալվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասի՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառում կատարելու կասկածանքով։ Քրեական գործի հարուցման համար հիմք է դարձել ֆեյսբուք սոցիալական ցանցում արված մեկնաբանությունը, մասնավորապես Շիրինյանը գրել էր՝ «Cусанна Авшарян, եթե ես լինեի շարժումը առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»։ Քրեական գործի շրջանակներում Սայաթ Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր կայացած դատական նիստի ընթացքում Սայաթ Շիրինյանի պաշտպան Բենիկ Գալստյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ արձանագրելով, որ իր պաշտպանյալը քրեական գործի նախաքննության ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ։ Բացի այդ՝ պաշտպանն անիրատեսական համարեց նաև Շիրինյանի կողմից իր դեմ ցուցմունք տվող անձի նկատմամբ որևէ հնարավոր ազդեցություն՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ ցուցմունք տվողը ոստիկանության բարձրաստիճան սպա է։ Բացի այդ՝ Շիրինյանին մեղսագրվող արարքը ծանր հանցանք չէ։
Մեղադրող դատախազն առարկեց՝ նշելով, որ գործը դեռևս դատաքննության փուլում չէ, հետևաբար, գտնում է, որ Սայաթ Շիրինյանի նկատմամբ խափանման միջոց պետք է կիրառվի։
Լսելով կողմերին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, ինչից հետո բավարարել է միջնորդությունը՝ որոշելով վերացնել Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, ինչից հետո մեղադրող դատախազ Խաչատրյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը։
Սայաթ Շիրինյանը հայտնեց, որ մեղադրանքը պարզ էր, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը, համաձայն որի՝ կուսումնասիրվեն քրեական գործում առկա գրավոր ապացույցները, ապա կհարցաքննվեն դատակոչված վկաները, իսկ վերջում՝ ամբաստանյալը։