Անդրանիկ Քոչարյանը` Իշխանասարից ադրբեջանական զորքերի դուրս գալու մասին

Ադրբեջանցիները ՀՀ ինքնիշխան տարածքից պետք է դուրս գան՝ շուտ թե ուշ, ինչքան շուտ, այդքան լավ. Իշխանասարից ադրբեջանական զորքերի դուրս գալու տեղեկություններին խորհրդարանում ադրադարձել է անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Վերջինս հայտնեց, որ ճիշտ կլիներ հարցերն ուղղել ՊՆ փոխնախարարին, սակայն կան հարցեր, որոնց մասին խոսելիս պետք է խուսափել։ 

«Թույլ տվեք միաժամանակ ես էլ խուսափեմ, որովհետև կան բաներ, որ արժի մեկ-մեկ խուսափել»։ 

Հարցին, թե ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում են ադրբեջանցիները դուրս եկել Իշխանասարից, Քոչարյանը նշեց, որ ՀՀ ինքնիշխան տարածքից պետք է դուրս գան՝ շուտ թե ուշ. «Ինչքան շուտ, այդքան լավ»,- ասաց Քոչարյանը, հավելելով, որ հիմա հանձնաժողովներ են աշխատում և մնում է մեր շահերը ճիշտ ընկալեն և սպասարկեն մեր երկրի շահերը։ 

Քոչարյանը նշեց, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը տվել է դրական ընկալում և չի կարող ասել՝ դրական ընկալումը հակառակորդը ինչպես է իրականություն դարձնում և ինչ տեմպերով։ Քոչարյանը կրկին խուսափում էր հաստատել տեղեկությունը, որ ադրբեջանական զինված ուժերը հետ են քաշվելու, սակայն լրագրողները հակադարձեցին՝ համայնքապետերն արդեն հաստատել տեղեկությունը։ 

«Իշխանասարի մասին տեղեկություն կա, բայց եկեք չխոսենք այդ մասին, թողեք մեր զինվորականությունը կառավարի ստեղծված իրավիճակը։ Հայաստանի ինքնիշխան տարածքում օտար զինված ուժեր չեն կարող լինել»,- ասաց Քոչարյանը՝ չհերքելով, որ ադրբեջանական ԶՈՒ-երը Իշխանասարի տարածքից դուրս են գալու, չբացառելով նաև, որ այլ հատվածներից ևս հնարավոր է դուրս բերվեն։ Քոչարյանը հիշեցրեց, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի փուլ է սկսվում։ 

«Այդտեղ կարելի է շատ հանգիստ, առանց իրար վրա կրակելու լուծել խնդիրները։ Ռուսական կողմը երևի ինչ որ բան է առաջարկել, որը լարվածության մթնոլորտը չեզոքացնում է»,- ասացԱնդրանիկ Քոչարյանը ու կրկնեց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում այլ երկրի զինված ուժեր առանց ՀՀ համաձայնության չեն կարող լինեն։ Դիտարկմանը, որ մայիսից ՀՀ տարածք են մտել և դուրս չէին գալիս, Քոչարյանը հակադարձեց. 

«Մենք էլ ենք շատ տեղեր մտել ու դուրս չենք գալիս, կներեք»։

Քաղաքականություն

Պատահարներ