
ՄԻԵԴ-ը ժամանակ է տվել Բաքվին՝ նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների մասին տեղեկություններ տալու համար

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տրամադրել պաշտոնական Բաքվին՝ տեղեկություններ տրամադրելու նոյեմբերի 16-ից Սյունիքի մարզի սահմանային հատվածից գերեվարված զինծառայողների վերաբերյալ։
Գերեվարված զինվորներից մեկին Ադրբեջանը օրեր աաջ էր վերադարձրել։ Հայկական կողմը կասկածներ ունի, որ արյունալի մարտերից հետո ևս 31 զինծառայող ադրբեջանական գերության մեջ է։
Ստրասբուրգ դիմումներ ուղարկել էին ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաև իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը։ Նրանք խնդրել էին հրատապ միջոցներ կիրառել՝ տեղեկատվություն խնդրելով ադրբեջանական զինուժի կողմից օրերս գերեվարվածների մասին։
Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանի կողմից սպառիչ տեղեկություններ ներկայացնելուց հետո ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու որոշում կկայացնի՝ զբաղվելով նրանց իրավունքների պաշտպանությամբ։ Լիպարիտ Դրմեյանը չի բացառում, որ նախորդ փորձերից ելնելով, Ադրբեջանը կամ չարձագանքի Եվրադատարանին, կամ էլ երկար ժամանակ խնդրի տեղեկություններ ներկայացնելու համար։
«Դատարանն այս պահին տեղեկատվություն է պահանջել անձանց վերաբերյալ՝ ինչ վիճակում են պահվում, առողջական վիճակ և այլն: Այդ տեղեկատվությունը ստանալուց հետո դատարանը կորոշի ինչպիսի միջոցներ կիրառել, Ադրբեջանին ինչպիսի ցուցումներ տալ», - ասաց Դրմեյանը:
Օրերս իր առցանց ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը 32 ռազմագերու մասին էր խոսել, բայց և շեշտել էր, թե դա դեռ չճշտված տեղեկություններով է։ Քանի որ նրանցից մեկ արդեն մեկն վերադարձվել է, Ստրասբուրգի դատարանն այժմ կզբաղվի 31-ի իրավունքներով, ասում է Լիպարիտ Դրմեյանը։ Ըստ պաշտոնյայի, այս թիվը ստացվել է տարբեր աղբյուրներ համադրելով։
«Ի վերջո պետք է հասկանալ, որ հստակ տեղեկատվություն այս պահին կոնկրետ անձի գտնվելու վերաբերյալ կարող է ստացվել միայն այն կողմից, ում տիրապետության տակ անձը գտնվում է, դրա համար է նաև նախաձեռնվում Եվրոպական դատարան դիմելու այս գործընթացը: Այսինքն՝ քանի դեռ պատասխան մենք չենք ստացել մյուս կողմից փաստացի իր տիրապետության տակ գտնվող անձանց թվի, վիճակի վերաբերյալ, մեր դատողությունները բացառապես այն տեղեկատվության շրջանակում են լինելու, որը մենք ունենք», - ընդգծեց Դրմեյանը:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն, իր հերթին, «Ազատության» հետ զրույցում ներկայացնում է այն հնարավոր պատասխանները, որոնք ակնկալում են պաշտոնական Բաքվից իրենց ներկայացրած 4 զինվորականների մասին. - «Արդյոք գերի վերցրե՞լ է այս անձանց, թե՞ ոչ, ինչպիսի՞ պայմաններում են պահվում նրանք, արդյոք ենթարկվե՞լ են բժշկական հետազոտության և սպասարկման: Հարցերի պատասխանները պետք է փաստաթղթավորված ներկայացվի Եվրոպական դատարան, և արդյոք պատրաստվո՞ւմ են վերադարձնել գերիներին հայկական կողմին»:
Զեյնալյանն ասաց, որ համացանցում տարածված տեսանյութերում իրենց հաջողվել է նույնականացնել 27 գերեվարված զինվորականի։ Իրավապաշտպանը շեշում է՝ Եվրոպական դատարան ներկայացրած իրենց դիմումներում խնդրել են, որ դատարանն ապահովի նրանց կյանքի իրավունքը։
«Կյանքի իրավունքն ապահովելու և պաշտպանելու բովանդակության բաղկացուցիչ մաս է կազմում նաև վերադարձնելը, ազատելն ադրբեջանական իրավազորությունից: Այդ անձանց կյանքին վտանգ է սպառնում միայն նրանց հայ լինելու հատկանիշով, Հայաստանի քաղաքացի հանդիսանալու հատկանիշով պայմանավորված: Մենք նաև սրանք ենք հիմնավորել, ապացուցել, պատճառաբանել, որ Ադրբեջանի իշխանության իրավազորության ներքո գտնվելը մարդու կյանքին, եթե նա ազգությամբ հայ է, վտանգ է սպառնում», - ասաց Զեյնալյանը: