Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը 93 միլիոնի նոր պայմանագիր է կնքել
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությունը օգոստոսին Արթիկի համայնքապետարանի հետ 93 միլիոն դրամի նոր պայմանագիր է կնքել։ Այդ մասին տեղեկանում ենք պետական գնումների Armeps համակարգից։ Թեև «Եվրոասֆալտը» ասֆալտապատման մրցույթում հաղթել է օգոստոսի 13-ին, վերջինիս հետ կնքված պայմանագիրը համակարգ վերբեռնվել է վերջերս։
«Եվրոասֆալտի» կողմից պայմանագիրը ստորագրել է Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը։ Պայմանագրով «Եվրոասֆալտը» պարտավորվում է Արթիկում իրականացնել Պռոշյան փողոցի ու Գարեգին Նժդեհ 1-ին նրբանցքի ասֆալտապատման աշխատանքներ։ 93 միլիոնից մոտ 75 միլիոնը ուղղվելու է Պռոշյան փողոցի հիմնանորոգմանը, 18-ը՝ Գարեգին Նժդեհ 1-ին նրբանցքի հիմնանորոգմանը։ Այս փողոցների ասֆալտապատման մրցույթին մասնակցել է հինգ ընկերություն ու ամենաէժան գինն առաջարկել է «Եվրոասֆալտ»-ը՝ 93 միլիոն դրամ։ Նրանից ընդամենը մեկ միլիոն դրամ ավել առաջարկել էր «Դուստր Մոնիկա» ՍՊԸ-ն։
Այս տարվա ընթացքում արդեն Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը պետական ու համայնքային մարմիների հետ կնքել է 700 միլիոն դրամի պայմանագրեր։
Գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովը նաև շահերի բախման մասին հայտարարություն էր արել՝ նշելով, որ իրենք ու իրենց հետ փոխկապակցված անձինք չեն հանդիսանում «Եվրոասֆալտի» հիմնադիրներ կամ բաժնետերեր։
Օգոստոսի 26-ին Սիվիլնեթը գրել էր, որ Կառլեն Սիմոնյանը տնօրեն ու փոխտնօրեն է դարձել երեք ընկերություններում, որոնք զբաղվում են բետոնի արտադրությամբ ու ասֆալտապատմամբ։ «Եվրոասֆալտ» և «Եվրոասֆալտ 1»-ում Սիմոնյանը տնօրեն է, բետոնի արտադրությամբ զբաղվող «Թի էս քնսթրաքշն» ընկերությունում՝ փոխտնօրեն։ «Եվրոասֆալտ»-ի բաժնետերերը Սվետլանա Պողոսյանն ու Գրետա Թադևոսյանն են, իսկ «Եվրոասֆալտ 1»-ի բաժնետերը Ուշիում բնակվող տնային տնտեսուհի Սիրուշ Դավթյանն է։ ՍիվիլՆեթը այցելել էր Դավթյանի բնակարան, արձանագրել նրա սոցիալական վիճակը։ Սիրուշ Դավթյանը հրաժարվել էր մանրամասներ հայտնել Կառլեն Սիմոնյանի հետ կապերից ու ասֆալտապատման գործընթացում իր մասնակցությունից։
«Եվրոասֆալտ»-ի գործարանը գտնվում է Երևան-Աշտարակ մայրուղում։ Գործարանի տարածքում են կայանում «Թի էս քնսթրաքշն» ընկերության մի քանի բետոնխառնիչ մեքենաներ։
Արթիկի համայնքապետարանի հետ կնքված պայմանագիրը ներառյալ, «Եվրոասֆալտ»-ը տարվա ընթացքում պետական ու համայնքային մարմիների հետ կնքել է 700 միլիոն դրամի պայմանագրեր։ Ալեն Սիմոնյանը, խոսելով եղբոր կողմից ղեկավարվող ընկերությունների՝ պետգնումների մրցույթներ շաելու մասին, այդ թեմայով հրապարակումներ արած լրատվամիջոցներին անվանել էր «դեղին մամուլ», ապա շեշտել, որ «Եվրոասֆալտ»-ը ճանապարհաշինարարական ոչ բոլոր գնումներում է հաղթում։
«Իմ եղբայրը ընդհանրապես ոչ մի տեղ չպե՞տք է աշխատի, պետք է գումար խնդրի տարբեր կազմակերպությունների՞ց»,- հարց էր բարձրացրել Սիմոնյանը՝ վստահեցնելով, որ «շինծու թեմա է»։
Ավելի ուշ պարզաբանումներով էր հանդես եկել նաև «Եվրոասֆալտ»-ը ու վստահեցրել, որ ո՛չ Ալեն Սիմոնյանը, ո՛չ նրա եղբայրը ընկերության բաժնետերեր չեն հանդիսանում, իսկ պետական գնումների մրցույթներում հաղթանակները որևէ կերպ չեն կարող արտահայտվել Կառլեն Սիմոնյանի աշխատավարձի չափի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը մեկնաբանում է, թե ինչու Ստոկհոլմում չի հանդիպել Արարատ Միրզոյանին
Ադրբեջանն, ի պատասխան Հայաստանի սադրանքի, նպատակահարմար չի համարել Ստոկհոլմում երկու երկրների նախարարների հանդիպման անցկ...
Ինչ է ասել մեծքիթ ադրբեջանցուն ռուսական կողմը. Բորիս Ավագյան
Գնդապետ Բորիս Ավագյանը ֆեյսբուքում գրել է․ «Հարգելի՛ ընկերներ, Երեկվա բանակցությունների ժամանակ մեծքիթ ադրբեջանցուն (Ալի...
Մենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակին
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական առճակատում է հասունանում միգրացիոն ճգնաժամի պատճառով: Ֆրանսիայի նախագահ Էմ...
Բայրամովը կրկին խոսել է այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ադրբեջանը Հայաստանից փոխադարձ քայլեր է ակնկալում խաղաղության հասնելու ուղղությամբ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհո...