Եթե Գորիս-Կապանի 22 կմ-ը զիջենք, ուրեմն դրանից այս կողմ այլևս անելիք չունենք․ Քոչինյան

«Երբ 1960-ականների սկզբին Հայաստանի Մինիստրների խորհուրդը որոշում էր կայացնում կառուցել Գորիս-Կապան ավտոմոբիլային ճանապարհը, այն ժամանակվա ղեկավարները չգիտեի՞ն Հայաստանի սահմանի տեղը։ Հստակ գիտեին, որովհետև ոչ գիտակից մարդը չէր կարող լինել Մինիստրների խորհրդի կազմում։ Երբ կառուցում էին Հայաստանի այն ժամանակվա պետական բյուջեի հաշվին, գիտեին՝ ինչի համար են կառուցում և ինչու են հենց այդտեղո՛վ կառուցում», - ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Սյունիքի ճանապարհների ստրատեգիական նշանակությանը, ասաց ՀՀ տրանսպորտի և կապի առաջին նախարար Հենրիկ Քոչինյանը։ 
Նա հստակեցրեց․ Ադրբեջանը փորձում էր Արաքսի ձախափնյա տարածքով ավտոմոբիլային մեծ ճանապարհներ անցկացնել և դրանց տիրապետելով՝ Հայաստանը կտրել, մեկուսացնել։ Նրանց այդ ցանկությունը պարզապես խափանվեց։ 

«Նռնաձորի մոտ այդ ճանապարհը փակվեց, ադրբեջանցիներն այլևս չկարողացան առաջ շարժվել։ Հետագայում, 1970-ական թվականների սկզբին, երբ Հեյդար Ալիևը նորից փորձեց այդ խնդիրն առաջ տանել, Կարեն Դեմիրճյանի հորդորով մենք սկսեցինք կառուցել Քաջարան-Մեղրի ճանապարհը։ Դա ևս մեկ խաղաքարտ էր, որով նրանց ցանկությունները կավարտվեին», - նշեց Քոչինյանը։ 

Հենրիկ Քոչինյանն անդրադարձավ նաև այսօրվա իշխանության հայտարարություններին, թե վերը նշված Գորիս-Կապան ճանապարհի 22 կմ-ն անցնում է Ադրբեջանի տարածքով։ 

«Երբ մենք կառուցում էինք այդ ճանապարհը, «Ադրբեջանի տարա՞ծք» էինք գրավում, Ադրբեջանի իշխանությունները դա չէի՞ն տեսնում կամ չէի՞ն հասկանում։ Իրենց համար դա որևէ տնտեսական նշանակություն չուներ, որովհետև այդ տարածքում նրանք ո՛չ ադրբեջանական գյուղեր ունեին, ո՛չ արդյունաբերություն ունեին, ոչինչ էլ չունեին», - ասաց նա։ 

Քոչինյանն ընդգծեց՝ միայն պահանջատիրոջ դիրքերից հանդես գալու, ձեռքի տակ եղած բոլոր նպաստավոր փաստարկներն գտագործելու դեպքում միայն Հայաստանի կարծիքը հաշվի կառնեն։ Իսկ Գորիս-Կապանի պարագայում խոսքը միայն ճանապարհի մասին չէ։ 
«Երբ դու ճանապարհ ես զիջում, դա չի նշանակում՝ X կմ երկարությամբ, ենթադրենք՝ 15-20 մետր լայնությամբ ինչ-որ մի հողաշերտ է։ Ցանկացած ճանապարհի աջ և ձախ կողմերում տարիներ շարունակ գոյանում են են ինֆրաստրուկտուրաներ, համայնքներ, գյուղեր, արտադրություն։ Եվ եթե մենք այդ 22 կմ-ը զիջում ենք, դա նշանակում է, որ դրանից այս կողմ ընկած հատվածում այլևս անելիք չունենք», - ընդգծեց նա։

Քաղաքականություն

Պատահարներ