Քաղաքականություն

«Մեր թեկնածուների նկատմամբ փորձում են ճնշումներ իրականացնել, որ քարոզարշավի չմասնակցեն». Դավիթ Համբարձումյան

«Մեր թեկնածուների նկատմամբ փորձում են ճնշումներ իրականացնել, որ քարոզարշավի չմասնակցեն». Դավիթ Համբարձումյան

Մասիսում ավագանու ընտրություններին առաջադրված «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու թեկնածուների նկատմամբ ճնշումներ են իրականացվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանը, որը գլխավորում է դաշինքը։

 

«Մեր թեկնածուների նկատմամբ փորձում են ճնշումներ իրականացնել, որ քարոզարշավի չմասնակցեն, բայց, միեւնույն է, չեմ կարծում, որ դա իրենց մոտ կստացվի»,- նշեց նա։

Հարցին, թե ճնշումների արդյունքում եղել են ավագանու թեկնածուներ, որոնք հրաժարվել են թեկնածությունից, Համբարձումյանն ասաց, որ նման 1-2 դեպք է եղել։

«Մենք ենք իրենց հորդորել, որ դուրս գան ցուցակից, որպեսզի մարդկանց ու իրենց երեխաներին գործից չհանեն»,- ընդգծեց Համբարձումյանը:

Մասիսի արդեն նախկին համայնքապետ Համբարձումյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է նոյեմբերի 14-ին։ Երեկ՝ նոյեմբերի 17-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մասիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սայեն Հայրապետյանը։ Սայեն Հայրապետյանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն է։

Դավիթ Համբարձումյանը չբացառեց, որ հնարավոր է դա արվել է ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսներ օգտագործելու նպատակով։

«Ակնհայտ երեւում է, որ այդ գործելաոճն են ընտրել, բայց չեմ կարծում, որ հաջողություն կունենան»,- ասաց Դավիթ Համբարձումյանը։

Հավելենք, որ դեկտեմբերի 5-ին Մասիսում կայանալիք ընտրություններում մասնակցելու են միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից