Հարց է առաջանում՝ որտեղի՞ց է Հայկ Սարգսյանը հասել «Զվարթնոց» օդանավակայան՝ ՌԴ-ի՞ց, տիեզերքի՞ց, թե՞ Քանաքեռից. «Ժողովուրդ»
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ լուրեր կան՝ նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը՝ Քանաքեռում հնչած կրակոցների ժամանակ, իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տան մոտ՝ դրսում՝ մեքենայի մեջ սպասել է քրեական հեղինակություն Տույին, սակայն երբ լսվել են կրակոցի ձայները, նա դեպքի վայրից անհետացել է: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքից հետո նրան օգնել են հեռանալ Հայաստանից: Այս հրապարակումից հետո պատգամավորը, որն արդեն Երևանում է, հերքել է տեղեկությունը: Եւ այսպես, Հայկ Սարգսյանը գրել է. «Նոյեմբերի 10-ից 16-ը գործուղված եմ եղել Ռուսաստանի Դաշնություն՝ որպես ՀՀ ԱԺ ներկայացուցիչ մասնակցելու ՀԱՊԿ-ի զորավարժություններին»: Երկրորդ կետով պատգամավորը հայտնում է. «Դեպքի մասնակիցներից որևէ մեկին չեմ ճանաչել»: Ապա նա ավելի հեռուն է գնացել և հրապարակել է նաև իր անձնագիրը, որտեղ կան նոյեմբերի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանից ելքի կնիքը եւ ՌԴ «Շերեմետովո» օդանավակայանի մուտքի կնիքը: Երեւում է նաեւ նոյեմբերի 16-ին միայն «Զվարթնոց» օդանավակայանի մուտքի կնիքը, և անհասկանալի է, թե որտեղից է պատգամավորը վերադարձել Հայաստան: Հայկ Սարգսյանի անձնագրում չկա ՌԴ որեւէ օդանավակայանից դուրս գալու մասը հավաստող ելքային կնիքը՝ այդ նույն ամսաթվով, բայց տարօրինակ է, որ կա «Զվարթնոց» օդանավակայան մուտք գործելու կնիքը: Եւ հարց է առաջանում՝ որտեղի՞ց է Հայկ Սարգսյանը հասել «Զվարթնոց» օդանավակայան՝ ՌԴ-ի՞ց, տիեզերքի՞ց, թե՞ Քանաքեռից: Եւ որպեսզի հստակ, անկողմնակալ պարզաբանում լինի, «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել ՌԴ սահմանապահ ծառայությանը և խնդրել տալ տեղեկություն, թե ՀՀ քաղաքացի Հայկ Սարգսյանը երբ է Մոսկվա մեկնել, որ օդանավակայան է իջել, երբ և որտեղից է վերադարձել Հայաստան: Ինչպես նաև դիմել ենք ՀՀ ԱԱԾ՝ խնդրելով տալ Հայկ Սարգսյանի հեռախոսային տեղայնացման տվյալները, որպեսզի հասկանանք, թե սպանության օրը նա որտեղ է եղել իրականում»: Մանրամասները՝ թերթի համարում: |