
ՊՆ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ինձ չէր բավարարում Կարապետյանի կադրային քաղաքականությունը․ Աղազարյան

Սուրեն Պապիկյանի համար շատ ավելի հեշտ կլինի կադրային փոփոխությունների հարցում ազատ զգալ իրեն եւ մեր գեներալիտետից ներքեւ գտնվող գնդապետների եւ մայորների շարքում նկատել այն ռազմական գործիչներին, որոնք հանգիստ կարող են զբաղեցնել բարձր զինվորական պաշտոններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ անդրադառնալով Սուրեն Պապիկյանին Պաշտպանության նախարար նշանակելու որոշմանը։
«Պառլամենտական համակարգ ունեցող երկրներում Պաշտպանության նախարարի պաշտոնում կարող է նշանակվել զինվորական ոչ կարիերա ունեցող որեւէ մեկը, որովհետեւ դա քաղաքական պաշտոն է, սա գլխավոր շտաբի պետի պաշտոնը չէ, հետեւաբար որեւէ խնդիր չկա։ Սուրեն Պապիկյանի նշանակումը համարում եմ շատ նպատակահարմար, որովհետեւ մեր գեներալիտետի ներկայացուցիչները՝ Վաղարշակ Հարությունյանը, Արշակ Կարապետյանը, որոնք տարիներ ի վեր մտերիմ հարաբերություններ են ունեցել Ռուսաստանի գեներալիտետի հետ, ընդհանուր խնդիրներ են ունեցել, սովորել են միասին, ինչը մի կողմից առավելություն ունի, բայց մյուս կողմից էլ բացասական կողմեր ունի, որովհետեւ այդ դեպքում դու անձնական հարաբերությունների պատճառով որոշակի կարող ես ազատ չլինել այս կամ այն դիրքորոշումը արտահայտելու գործում, իսկ եթե այս պաշտոնը զբաղեցնում է քաղաքական թիմի առանցքային դերակատարնեից մեկը, սա նաեւ քաղաքական ուղերձ է այն բանին միտված, որ քաղաքական որոշումները այս բնագավառում շատ ավելի էական են, քան զուտ ընթացիկ հարցերի լուծումը։ Բացի այդ Սուրեն Պապիկյանը չլինելով զինվորական համակարգում աճած ռազմական գործիչ, նրա համար շատ ավելի հեշտ կլինի կադրային փոփոխությունների հարցում ազատ զգալ իրեն եւ մեր գեներալիտետից ներքեւ գտնվող գնդապետների եւ մայորների շարքում նկատել այն ռազմական գործիչներին, որոնք հանգիստ կարող են զբաղեցնել բարձր զինվորական պաշտոններ եւ դրա միջոցով կադրային քաղաքականության մեջ էական փոփոխություններ մտցնել։ Այն գեներալներին, որոնք իրենց դիրքը օգտագործել են նաեւ անձնական հարստացման համար, կփոխարինեն գնդապետներ, որոնք մեծագույն պատվով իրենց պարտքը կկատարեն հայրենիքի առաջ»,– ասաց Հովիկ Աղազարյանը։
Մեր հարցին, թե Արշակ Կարապետյանի հրաժարականը հնարավոր է պայմանավորվա՞ծ է նախօրեին սահմանային խնդիրներով, Հովիկ Աղազարյանն արձագանքեց.
«Նման որոշումները չեն կայացվում կես ժամվա մեջ, նման որոշումները կայացվում են նախապես՝ շատ հարցեր քննարկելուց հետո։ Կարող եմ ասել, որ ինձ չէր բավարարում, գոհացնում Արշակ Կարապետյանի կադրային քաղաքականությունը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արշակ Կարապետյանն ազատվել է Պաշտպանության նախարարի, իսկ Սուրեն Պապիկյանը փոխվարչապետի պաշտոններից։ Ապա Պապիկյանը նշանակվեց Պաշտպանության նախարար։