Իշխանությունը արդարացնում, լեգիտիմացնում է Ադրբեջանի քայլերը. Աբրահամյան

Իշխանությունը ստանձնել է այն դերը, որը պետք է ստանձներ Ադրբեջանը. արդարացնում, լեգիտիմացնում է Ադրբեջանի քայլերը և մեզ համար շատ ավելի նեղացնում այն բանակցային հնարավորությունները, որը մեզ կարող էր թույլ տալ այս կամ այն կողմի հետ բանակցելու։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է քողարկել իրականությունը, առաջնային հարցերը մղել երկրորդ պլան և կենտրոնանալ երկրորդական, երրորդական, չորրորդական խնդիրների վրա։

«Մենք խոսում ենք ճանապարհը փակվելու, այդ հատվածում գտնվող բնակավայրերի անվտանգության մասին, խոսում ենք ադրբեջանական լկտիության, սանձարձակության մասին, իսկ իշխանությունն ասում է, որ նոր ճանապարհ են կառուցել, որը որակական առումով շատ ավելի լավն է, միջազգային չափանիշներն ավելի բարձր է»,- նշեց Աբրահամյանը, ապա ավելացրեց. «Ի՞նչ կապ ունի ճանապարհի որակն այս առաջնային պլանում, երբ խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանը ոչ միայն մխրճվել է ՀՀ տարբեր հատվածներում, ոչ միայն վերահսկողություն է ապահովում մեր կարևոր ենթակառուցվածքների վրա, այլ՝ լուրջ սպառնալիք է ստեղծում մեր բնակավայրերի համար»։

Աբրահամյանն ընդգծեց՝ իշխանության խնդիրը ոչ թե ադրբեջանական ագրեսիան կանխելը և անվտագային սպառնալիքները նվազագույնին հասցնելն է, այլ ավելին՝ իշխանությունները լեգիտիմացնում են ադրբեջանական սադրանքները, ֆոն են ստեղծում հայ հանրության մեջ, որ ադրբեջանական գործողությունները համապատասխանում են այն իրավիճակին, ինչը բխում է խորհրդային քարտեզներից։

Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրմանը՝ Աբրահամյանն ընդգծեց, որ սա միայն Գորիսը Կապանին կապելու հետ խնդիր չէ, Սյունիքի ճանապարհն է, որը մեզ կապում է Պարսից Ծոցի հետ, Իրանի միջոցով մյուս երկրների հետ։

«Դա և՛ պարենային, և՛ տնտեսական անվտանգություն է։ Սյունիքին իր բնույթով և աշխարհաքաղաքական, և՛ տարածաշրջանային դերակատարություն ունի, և՛ Հայաստանի համար կարևոր մարզ է, որն անվտանգություն է ապահովում»,- նշեց Աբրահամյանը։

Քաղաքականություն